Ռիվասին պրոդյուսերը չի արգելել շփվել լրագրողների հետ

15:16 • 24.03.10

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե երգչուհի Եվա Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը տաբու է դրել լրագրողների հետ երգչուհու շփումների վրա։ Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ այս որոշման պատճառը բազմաթիվ ասեկոսեներն են, ինչպես նաև մրցույթի նախապատրաստման մասին չափից դուրս շատ տեղեկությունների տարածումը։

Tert.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունները մեկնաբանեց Armenia Production պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։

«Ոչ մի նման բան չկա, լրագրողների հետ շփման մեջ ոչ մի արգելք չկա»,- նշեց Մարտիրոսյանը։ Նա վստահեցրեց, որ Եվա Ռիվասը ժամանակ ունենալու դեպքում շփվում է նաև լրագրողների հետ։

Միևնույն ժամանակ, Մարտիրոսյանը նշեց, որ մրցույթի նախապատրաստական ընթացքը, ինչպես նաև վոկալի, հայերեն և անգլերեն լեզուների դասաժամերը շատ ժամանակ են խլում։

«Ավելի հաճախ մենք խնդրում ենք լրագրողներին ուղարկել հարցերը գրավոր տեսքով»,- պարզաբանեց նա։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Եվա Ռիվասն ու իր պրոդյուսերը ներկա էին նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակի շնորհանդեսին, որտեղ Tert.am-ի թղթակիցն ու մյուս լրագրողները ազատ ու անարգել շփվում էին երգչուհու հետ։