Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին տարին մեկ անգամ կգործի որպես եկեղեցի

15:27 • 25.03.10

Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլատրել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հավանություն է տվել Վանի նահանգապետարանի` այդ առնչությամբ արված դիմումին:

Նախարարության որոշման մեջ ասվում է, որ կրոնական արարողությունների համար Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին բաց կլինի յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին՝ միայն մեկ օրով:

Եկեղեցու վրա խաչ տեղադրելու մասին ոչինչ չի նշվում:

Հիշեցնենք, որ 2007թ. մարտին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների միջոցներով վերականգնվելուց հետո գործում է որպես թանգարան:

Թուրքական մամուլն այս քայլը որակում է որպես Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններից հետո Անկարայի կողմից բարի կամքի դրսևորում։