ՀՀ մշակույթի նախարարությունը հրահանգել էր խոչընդոտե՞լ թուրքական ֆիլմերի փառատոնի անցկացումը

16:49 • 26.03.10

«Անկախ նրանից, որ թուրքական ֆիլմերի փառատոնը հերթական անգամ փորձեցին խոչընդոտել, այսօր այն կայացել է», – այսօր կայացած ասուլիսին ասաց «23,5» թուրքական ֆիլմերի փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը։

Նշենք, որ երկրորդ փառատոնի բացման արարողությունը կայացավ երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում։ Սակայն մինչև այդ նախատեսվում էր, որ բացումը պետք է տեղի ունենա Երևանի կամերային թատրոնում։ Վանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոնի և թատրոնի միջև կնքվել էր երկկողմ պայմանագիր, ըստ որի, թատրոնի բեմը երեք օրով պետք է տրամադրվեր փառատոնին։

Սակայն, ինչպես տեղեկացրեց տնօրենը՝ կամերային թատրոնը լուծարեց այդ պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե թատրոնը վթարային վիճակում է, անհրաժեշտ են պրոֆիլակտիկ աշխատանքներ։ «Իսկ այսօր թատրոնը նորմալ գործում է», – նշեց տնօրենը։

Վանյանը հավելեց, որ համաձայն կնքված պայմանագրի, այն կարող էր լուծարվել միայն երկու կողմերի համաձայնության պարագայում։ «Մենք պատրաստվում ենք դիմել դատարան», – ասաց նա։

Փառատոնի տնօրենը նաև նշեց, որ կամերային թատրոնը ՀՀ մշակույթի նախարարությունից հրահանգ էր ստացել խոչընդոտել «23,5»–ի անցկացումը։ «Ես անձամբ խոսել եմ նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, նա հերքել է այդ փաստը», – ասաց նա՝ նշելով, սակայն, որ «ամեն ինչ պարզ է»։

Նշենք, որ թուրքական ֆիլմերի փառատոնն առաջին անգամ չէ, որ նմանատիպ խոչընդոտների է հանդիպում։ Դեռ 2009թ., երբ փառատոնի բացումը պետք է տեղի ունենար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, նույն օրն անսպասելիորեն այդ շենքը հոսանքազրկվեց։