Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում արգելված է
Թուրքական ֆիլմերի «23,5» երկրորդ փառատոնի շրջանակում Երևանում է ադրբեջանցի դերասան, կինոքննադատ Ուլվի Մեհտին։ Այսօր մամուլի ասուլիսում նա իր տպավորությունների մասին պատմեց հայ լրագրողներին։
Այսպիսով, ըստ նրա՝ ուղևորությունը ծանր էր, եղանակային պայմանները՝ ոչ այնքան լավ։ «Ես զարմանում էի՝ ինչպես էր վարորդն այդքան հմտորեն վարում մեքենան մառախուղի պայմաններում։ Պարզվեց, որ մեր վարորդը նախկինում օդաչու է եղել»,- պատմեց նա։
Դերասանի խոսքով՝ նրա երևանյան այցն ուղեկցվել է մի քանի հաճելի զուգադիպություններով։ Այսպես, հաջորդ օրն առավոտյան հայկական հեռուստաալիքներից մեկի եթերում Մեհտին տեսել է «Հարցաքննություն» ֆիլմը, որտեղ նկարահանվել է իր մայրը։ Իսկ փառատոնի բացման արարողությանը նա հանդիպել է իր նախկին համադասարանցուն, որի ընտանիքը գաղթել էր Բաքվից։
Ադրբեջանցի դերասանն առանձահատուկ ընդգծեց հայկական կողմի հյուրընկալությունը՝ հավելելով, թե Երևանում նա նույնիսկ հրաժարվել է հետևել իր սննդակարգին։ Մեհտին ընդգծեց նմանատիպ փառատոնների անցկացման կարևորությունը։ Պատասխանեկով Tert.am-ի թղթակցի հարցին, թե որքանով է իրատեսական ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում՝ դերասանը նշեց, որ ինքը կողմ է փառատոնի ընդլայնված ձևաչափին։ «Ցանկալի է, որպեսզի փառատոնն անցկացվի տարածաշրջանային ձևաչափով»,- հավելեց ադրբեջանցի դերասանը։
Իր հերթին փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանը նշեց, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը։ «Այդ հարցում մեր առջև փակվել են բոլոր դռները։ Բայց ես ձեզ խոստանում եմ, որ փառատոնը կկայանա, մենք ապրում ենք կողքի կողքի, սակայն մեր միջև մեծ պատնեշ է»,- նշեց Վանյանը՝ հավելելով, որ համապատասխան բողոք-դիմումն արդեն կազմվել է և կուղարկվի երկրի օմբուդսմենին։










