Երեք օրում նկարահանված երեք ֆիլմերը շուտով կներկայացվեն հանրությանը
Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր և սցենարիստ Յոս Ստելինգը մարտի 23-28-ը Երևանում վարպետության դաս է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, վարպետության դասերի ընթացքում Ստելինգի անմիջական վերահսկողությամբ նկարահանվում է երեք կարճամետրաժ խաղարկային ֆիլմ «Սերը և քաղաքը (Երևան)» թեմայով: Դրանք են Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկը», Մարիանա Եղիազարյանի «Գաղտնիքը» և Արթուր Սուքիասյանի «Երևանի սիրուն տղան»:
Ստամբոլցյանը նշեց, որ ամբողջական աշխատանքներն ավարտելուց հետո այդ երեք ֆիլմերը կներկայացվեն հանրությանը։
Նշենք, որ մոտ 20 հայտերից Ստելինգն ինքն է ընտրել երեք սցենար, որոնք, ըստ նրա, ոչ թե լավագույններն էին, այլ ամենահարմարն էին երեք օրում նկարահանելու համար:
Վարպետության դասերի մյուս մասնակիցներն էլ առաջիկայում հնարավորություն կունենան նկարահանել իրենց առաջարկած սցենարները: Ծրագրերի ղեկավարը նաև հավելեց, որ միգուցե բոլոր 20 ֆիլմերը կցուցադրվեն ամռանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։
Խոսելով Արթուր Սուքիասյանի աշխատանքի մասին՝ Ստելինգը նշեց, որ երբ նայում է երիտասարդին, իրեն է հիշում։ «Մեծ ցանկություն ունի, սակայն մոռանում է կազմակերպչական մասը», – ասաց հոլանդացի ռեժիսորը։










