«Նովրուզի» օրերին հայ տաքսիստները բարձրացրել են ուղեվարձերը
Այս օրերին, երբ Իրանի «Նովրուզ» ազգային տոնի առթիվ Հայաստանում ավելացել է իրանցի զբոսաշրջիկների հոսքը, Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը անձամբ բախվել է ակտուալ մի խնդրի, որն էլ այսօր ներկայացրեց լրագրողներին։
Ըստ նրա՝ էքսկուրսավարների փոխարեն Հայաստանի հյուրերին ուղեկցում և տարբեր մշակութային հուշարձանների և ճարտարապետական կոթողների մասին պատմում են երիտասարդ իրանցիները։ «Մենք պետք է պատրաստվեինք զբոսաշրջիկների նման ներհոսքին, դիմավորեինք և ողջունեինք նրանց պարսկերեն լեզվով»,- նշեց Մինասյանը։
Նա նաև հավելեց, որ բազմաթիվ էքսկուրսավարներ չունեն համապատասխան կրթություն և լիցենզիա։ «Մենք պատրաստ չենք ընդունելու զբոսաշրջիկների նման մեծ ներհոսք»,- նշեց Մինասյանը։
Այստեղ նա նկատեց ևս մեկ խնդիր։ Ըստ Ռոբերտ Մինասյանի՝ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ տաքսիստները բարձրացրել են ուղեվարձերը, մասնավորապես, դեպի Երևանից դուրս գտնվող պատմամշակութային հուշարձաններ։










