«Սահմանը» նոր մրցանակ ստացավ
Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում մարտի 13-20-ը կայացած 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը նոր միջազգային մրցանակի է արժանացել Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի` ՖԻՊՐԵՍԻ-ի (FIPRESCI) կողմից: Այս մրցանակը նպատակ ունի աշխարհում տարածել կինոարվեստն ու խրախուսել նոր կինոն:
«Մեր ընտրած ֆիլմում տեսանք այս փառատոնի ամենատպավորիչ կերպարը` գոմեշին, որը ձգտում է ազատության` դառնալով պատերազմի ու սահմանների խորհրդանիշ», - Խաչատրյանի ֆիլմի մասին ասել է FIPRESCI-ի ժյուրին։
Նշենք, որ «Սահմանը», որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակներին՝ պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին:










