Սկսվել է Ավագ Շաբաթը. յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը
Այս տարի մարտի 29-ին սկսվում է Ավագ Շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին քրիստոնյաները Հիսուսի հետ վերապրում են բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը:
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ժամը 9-ին տեղի կունենա առավոտյան ժամերգություն, ժամը 17-ին` երեկոյան ժամերգություն:
Մարտի 29-ը` Ավագ երկուշաբթի, Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
Մարտի 30-ը` Ավագ երեքշաբթի, տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է:
Մարտի 31-ը` Ավագ չորեքշաբթի, Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը:
Ապրիլի 1-ը` Ավագ հինգշաբթի, Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ:
Ապրիլի 2-ը` Ավագ ուրբաթ, Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
Ապրիլի 3-ը` Ավագ շաբաթ, Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը` ժ. 18.00-ին:
Ապրիլի 4-ին` Կիրակի, Սուրբ Զատիկ է` Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Տոնական Սբ. Պատարագը կմատուցվի ժ. 11.00-ին:
Ապրիլի 5-ին` Երկուշաբթի, Ննջեցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Սբ. Պատարագը և ընդհանուր հոգեհանգիստը կսկսվի ժ. 10.30-ին:










