Թատրոնի ադմինիստրատորը խոշոր չափի գումար է յուրացրել

16:16 • 29.03.10

ՀՀ ոստիկանության Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` թատրոնի ադմինիստրատորի կողմից խոշոր չափի գումար յուրացնելու դեպքի առթիվ:

Թատրոնի տնօրինության կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի ադմինիստրատոր Դ. Գրիգորյանը 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին թատրոնի ներկայացումների` թվով 1875 իրացրած տոմսերի վաճառքից առաջացած և իրեն վստահված 1 225 900 դրամ գումարը դրամարկղ չի մուտքագրել և յուրացրել է:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: