Ինչո՞ւ է լռում Երևանի գլխավոր ճարտարապետը

12:37 • 30.03.10

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և դրա տեղում եկեղեցի կառուցելու հայտնի որոշման մասին բարձրացած աղմուկը չի կորցնում իր հնչեղությունը, չնայած Կառավարության կողմից որոշումն ընդունելուց անցել է ավելի քան մեկուկես ամիս։ Խնդրի կապակցությամբ իրենց կարծիքները հասցրել են հայտնել բազմաթիվ մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ հասարակության ակտիվ հատվածը դեմ է ամառային դահլիճը քանդելու ծրագրերին։ Դրա մասին է վկայում նաև մեր կայքում անցկացվող հարցումը։ Այդ ակտիվության վկայություններից մեկն էլ հանրահայտ Facebook սոցիալական կայքում ստեղծված SAVE Cinema Moscow Open-Air Hall խումբն է, որի անդամների թիվն արդեն գերազանցում է 5.5 հազարը։ Նույն խմբի ղեկավարների նախաձեռնությամբ իրականացվեց նաև ստորագրահավաք, որին միացած քաղաքացիների թիվը գերազանցեց 23 հազարը, իսկ ստորագրություններն ուղարկվեցին երկրի բարձրագույն ղեկավարներին և կաթողիկոսին։

Բայց այս ակտիվության ֆոնին բավական զարմանալի է, օրինակ, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի պասիվությունը խնդրի նկատմամբ։ Մինչև օրս սույն պաշտոնյան հանդես չի եկել խնդրին վերաբերող մամլո ասուլիսով կամ որևէ այլ հրապարակային ձևով չի արտահայտել իր կարծիքը։ Թերևս միակ առիթը եղել է Հանրային խորհրդի՝ նշված խնդրի վերաբերյալ քննարկմանը նրա մասնակցությունը, որի ժամանակ, սակայն, նա հստակ դիրքորոշում արտահայտող որևէ էական բան, ըստ էության, չի ասել։

Այսօր վստահորեն կարելի է ասել, որ քննարկվող խնդիրը բավական «շիկացած» է և կարիք ունի «պատկան մարմինների» կողմից մասնագիտական գնահատականի։ Բայց ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվում»։ Թերևս մեր հարգարժան պաշտոնյան զբաղված է ավելի կարևոր և «օրակարգային» խնդիրների լուծմամբ, իսկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը նրա համար երկրորդական նշանակություն ունի։

Պարոն Դանիելյանից նրա վերաբերմունքը խնդրի վերաբերյալ լսելու մեր փորձերը արդյունք չունեցան. պարոն Դանիելյանի ո՛չ աշխատանքային, ո՛չ բջջային հեռախոսները չեն պատասխանում։