Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես Հյուսիսային պողոտայում
«Սամվել Բաղդասարյան» ընկերությունը և Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբն այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես: Սամվել Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացվել են հունվար-փետրվար ամիսներին հայտարարված մրցույթին մասնակցած երգիծական նկարները։
Նշենք, որ այսօրվա ցուցահանդեսին մասնակցում էին նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Գագիկ Շամշյանը, Դավիթ Գալստյանը և Արթուր Վադանյանը:
Մինչև ցուցահանդեսի բացումը ոստիկանները պոկել էին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկարած այն լուսանկարը, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանը մաքրում իր կոշիկները:
Սակայն որոշ ժամանակ անց նկարիչները նորից այդ լուսանկարը փակցրեցին իր տեղում: Ի դեպ, ցուցահանդեսը դիտելու էին եկել նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նկարներն իրեն դուր եկան, իսկ ցուցահանդեսը, Մելքոնյանի խոսքով, հետաքրքիր և հաճելի էր:










