Աշխարհահռչակ հայ ջազմենը՝ Երևանում
«Հայկական ջազ 70»-ը և ՀՀ մշակույթի նախարարությունը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ներկայացնում են, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի համերգը` ARATTA REBIRTH խմբի մասնակցությամբ։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում։ Արդեն երեք տարեկանում նա երգում էր երգեր Led Zeppelin- ի, The Beatles- ի, Queen- ի նվագացանկից` նվագակցելով ինքն իրեն դաշնամուրով։ 1998թ. Երևանյան առաջին ջազ փառատոնի շրջանակներում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար, որից հետո 2000թ. երկրորդ փառատոնի ընթացքում նա ծանոթացավ Ստեփան Կոչոյանի հետ։ Վերջինս որոշիչ դեր խաղաց Համասյանին եվրոպական ջազային հանրությանը ներկայացնելու գործում։
2003թ. Տիգրան Համասյանը զբաղեցրել է 3-րդ տեղը Փարիզում տեղի ունեցած ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը՝ Jazz a Juan Revelations-2003 և Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթներում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում։
2004թ. լույս է տեսնում նրա դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ։ 2006թ. Համասյանն արժանանում է առաջին մրցանակի Թելոնիուս Մոնկի անվան հեղինակովոր մրցույթում, ապա` 2-րդ մրցանակի Martial Solal մրցույթում։ 2008թ. ` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրում է Red Hall ալբոմը։
Այսօր Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ է ստանում լավագույն ջազային փառատոններից և հանդես է գալիս համերգներով աշխարհի տարբեր երկրներում։ Նրա երևանյան համերգը տեղի կունենա ապրիլի 5–ին, ժամը 20։00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։










