Գանձասարի 770-ամյակը կտոնվի մեծ շուքով

11:36 • 02.04.10

Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը։ Այդ առիթով Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող իրադարձությունը նշել բարձր մակարդակով։

Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով` ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ։

Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր Արցախի թեմի առաջնորդը։

Նիստին քննարկվել են առաջիկա միջոցառումների վերաբերյալ առաջարկները, կազմվել է տոնական միջոցառումների հիմնական ծրագիրը։ Մասնավորապես` նախատեսվում է անցկացնել մշակութային և կրթական միջոցառումների շարք` համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում տարբեր ծրագրեր և այլն, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գումարել գիտաժողով, կազմակերպել ուխտագնացություններ, նկարահանել ֆիլմ, ստեղծել կայքէջ և այլն։

Ինչպես հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից, հուլիսի 11–ին` Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ։ Տոնական միջոցառումներին նախատեսվում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ներգրավումը։

Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238թթ.` Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից։ Եկեղեցու բացումը կատարվել է 1240թ. հուլիսի 22-ին` Վարդավառի տոնի օրը։