Այոմին և Գիլանը մի քանի նոր երգ կձայնագրեն հայկական դպրոցին օգնելու նպատակով

12:27 • 02.04.10

Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության «կնքահայր» Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ բացառիկ հարցազրույցում:

«Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ և ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, որտեղ երկրի նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաև Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ և հարվածային գործիքներ, բացի այդ ցանկանում ենք երեխաների համար նոր դպրոց կառուցել:

Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ և հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռ պետք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ՝ շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին և 27-ին Երևանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի ողջ հասույթը` 18 մլն 327 հազ. դրամ, կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցմանը: