Վաղը Սուրբ Հարության տոնն է

11:24 • 03.04.10

Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Տոնը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Զատիկը թե՛ Հին, եւ թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ Նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մի մեծ քարով։ Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր։ Այդ պահին երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9)։ Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց։

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը։

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում։ Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։ Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը« որ թափվեց մարդկության փրկության համար։

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, և սկսվում են զատկական տոնակատարությունները։ Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն է՝ «Օրհնեալ է Յարությունը Քրիստոսի»։

Այսօր ժ. 18.00-ին, եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից և կսկսեն տոնել Ս. Հարության տոնը։

Ապրիլի 4-ին` ժ. 11.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի։

Ապրիլի 5-ին Մեռելոց հիշատակության օր է։ Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին։