Ուրբաթ Գերմանիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին «Աղետ» ֆիլմը

14:13 • 05.04.10

Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը ապրիլի 3-ի «Անցյալի չարքերը» հրապարակմամբ, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, ներկայացնում է ցեղասպանության եղելությունն ամբողջապես վերականգնելու ուղղությամբ արված քայլերից մեկը` գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» («Aghet») ֆիլմը, որը առաջիկա ուրբաթ օրը հեռարձակվելու է գերմանական ալիքներից մեկով:

«Շպիգելի» ներկայացմամբ, ֆիլմը հիմնված է այդ օրերին Թուրքիայում գործունեություն ծավալած դիվանագետների, ճարտարագետների ու միսիոներների վկայությունների վրա, որոնց ուսումնասիրությունն, ըստ թերթի, զարմացրել է անգամ ֆիլմի համար խորհրդատվություն ապահոված պատմաբանին: Ըստ հեղինակների` արխիվներում հարուստ վկայություններ կան, որոնք անգամ արխիվագետներին են անծանոթ:

Դառնալով ֆիլմին` «Շպիգելը» գրում է, որ այն ոչ թե փաստագրական դրամայի ոճով է, այլ` չոր տեքստային. ժամանակակից դերասաններն ընդամենը մարմնավորում են Հայոց ցեղասպանության ականատեսներին ու առաջին դեմքով ներկայացնում նրանց վկայությունները` բնօրինակով:

«Առաջինը դերասան ու գրող Հանս Ցիշլերն է («Ժամանակի վազքում»), ով ներկայացնում է արևելաանատոլիական Հարպուտ քաղաքում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեյվիսի տպավորությունները»,- նշվում է հոդվածում և տեղեկացվում, որ հիշյալ քաղաքից հազարավոր հայեր միաժամանակ տեղահանվել են ու մահվան երթերով ուղղարկվել հարավ-արևելք: Այս իրողության մասին Լեսլի Դեյվիսն արձանագրել է, իսկ ֆիլմում նրա դերակատարը կրկնել. «1915 թվականի հունիսի 28-ին hրապարակավ հայտարարվեց, որ բոլոր հայերը երկիրը պետք է հինգ օրում լքեն: Այնպիսի սարսափելի կոտորած եղավ, որ տեղահանումները դրա հետ համեմատած հումանիստական էին»:

Հաջորդ առանցքային վկայախոսը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է, ում դերը ֆիլմում խաղում է Ֆրիդրիխ ֆոն Թունը (վերջինս հայտնի է «Շինդլերի ցուցակը» հռչակավոր ֆիլմից):

Հանդեսը հակիրճ նկարագրում է դեսպան Մորգենթաուի մի քանի վկայություններ, որ տեղ են գտել նաև ֆիլմում. «Նա պատմում է ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հետ հանդիպումների մասին, ով նրան հայտնել է հայերին «վտանգազերծելու» հարցը «վերջնականապես լուծելու» օպերացիան սկսելու մասին: Ցեղասպանության ավարտից հետո նա հրավիրում է նրան ու հարց տալիս, որը Մորգենթաուի կարծիքով, «երբևէ լսած ամենազարմանալի բանն էր»` Թալեաթը պահանջում է ամերիկյան «Նյու Յորք ինշյուրենս» և «Նյու Յորք էքվիթեյբլ լայֆ» ապահովագրական ընկերությունների հայ հաճախորդների ցուցակը: Հայերն արդեն սպանված էին` առանց ժառանգ թողնելու: Այդպիսով ժառանգորդը դառնում էր կառավարությունը: Մորգենթաու. «Ես, բնականաբար, մերժեցի այդ առաջարկը»:

Այսպես ֆիլմում բազմաթիվ դերասաններ, ըստ հանդեսի, խոսում են ականատեսների անունից. «Մարթինա Գեդեկն ու Կատարինա Շյութլերը ներկայացնում են շվեդ ու շվեյցարացի միսիոներուհիների տպավորությունները. Հաննա Հերզշպրունգն ու Լյուդվիգ Տրեպտեն` երկու վերապրածների, Պետեր Լոմայերը` գերմանացի հյուպատոս Վիլհելմ Լիթենի օրագիրը` այդ օրերի ամենահուզիչ վկայագրերից մեկը: 1916 հունվարի 31-ին Լիթենը գտնվում է Դեյր Զորի ու Տիբնիի միջև` այսօրվա Սիրիայում, ու գրում է. «Կեսօրվա ժամը մեկն է: Ճանապարհին` ձախ կողմում երիտասարդ կին է ընկած` մերկ, հագին միայն դարչնագույն գուլպաներ են, գլուխն առնված է ձեռքերի մեջ: Կեսօրի ժամը 1.30, աջ ճամփեզրին սպիտակ մորուքով ծերունի է` մերկ, մեջքի վրա պառկած: Երկու քայլ հեռու պատանի է ընկած` մերկ, ամորձատված»:

Ըստ հանդեսի` ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի դաշնակիցների «արդարացումներին» ու գնահատական տրվում դրան. «Գերմանիայի այն ժամանակվա ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի ռեպլիկը` գերմանացի դեսպանի առաջարկի առթիվ, որ օսմանյան դաշնակիցները բացահայտ մեղադրվում են հանցագործության համար, սահմռկեցուցիչ է. «Մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային մինչև պատերազմի ավարտը պահեինք մեր կողմում` անկախ նրանից` հայերը կսպանվեն, թե ոչ»:

«Շպիգելը» նկատում է, որ 90 րոպե տևողությամբ ֆիլմը ծանր է նկարագրել, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ «Ցեղասպանության մասին բանավեճը Թուրքիայում ծավալվում է ընդամենը հիմա` փաստից մոտ հարյուր տարի անց»: Եվ չնայած դրան, ըստ հանդեսի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ցեղասպանությունը:

«Տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունից հետո ծնված հայերը տառապում են և գրգռվում. «Ողբերգությունը,- ասում է Հայկ Դեմոյանը, Երևանի Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը,- դարձավ մեր ազգային նույնացման հիմքը»: Նաև նախագահ Սերժ Սարգսյանն է կարծում. «Ոճրագործությունը չկրկնվելու լավագույն ճանապարհն այն միանշանակ դատապարտելն է:

Դրանից հետո ծնված թուրքերը հանգիստ քնել են: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` հանրապետության հիմնադիրը` արմատապես խզեց Օսմանյան կայսրության ու Թալեաթի, Էնվերի, Ջեմալի` Ցեղասպանության երեք հիմնական պատասխանատուների հետ եղած կապը: Նա ընդունեց այդ «ամոթը», որն իր հետևորդները մինչ օրս ժխտում են, բայց նա իր թիմ վերցրեց այն պետական ծառայողներին ու զինվորականներինմ ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել դրան»:

Հոդվածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, Հայկական սփյուռքի ճնշումների ներքո են «անցյալի չարքերը կրկին զարթնում»: Ըստ հանդեսի, ամեն գարուն` ապրիլի 24-ն ազդանշան է դառնում, որպեսզի «տարբեր խորհրդարաններ բանաձև ընդունեն Ցեղասպանության փաստը ճանաչելու մասին. 2001-ին` Ֆրանսիան, 2003-ին` Շվեյցարիան, այս տարի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Շվեդիայի խորհրդարանը»:

«Անկարան ամեն անգամ սպառնալից զգուշացումներ է անում քաղաքական հետևանքների մասին, որոնք վերջում տեղի չեն ունենում: Ծեսի է վերածվել, որի ուղղակի ձեռքբերումը Հրանտ Դինքի նման մարդիկ են»,- գրում է «Շպիգելն» ու ներկայացնելով Հրանտ Դինքի պայքարը, նշում, որ նա սեփական կյանքով հատուցեց դրա համար:

Ամփոփելով` հոդվածը` «Շպիգելը» ներկայացնում է Ֆեթհիե Չեթինի պատմությունը. «Ստամբուլցի փաստաբան Ֆաթհիե Չեթինը ութսունականների սկզբին հայտնեց, որ «ինքը հայկական արմատներ ունի»: Նրա Սեհեր տատը իրեն վստահել էր իր տառապալից տասնամյակների մասին պատմությունը: Երեխա ժամանակ Սեհերը` հայկական անունը Հրանուշ, 1915-ին ականատես է եղել, թե ինչպես են իրենց գյուղի տղամարդկանց կոկորդները կտրել:

Նա ինքն էլ վերապրել է դա, որդեգրվել է մի թուրք սպայի ընտանիքում, մեծացել որպես մահմեդական աղջիկ ու ամուսնացել թուրքի հետ: Նա տասնյակ հազարավոր «քողարկված հայերից» մեկն էր, ովքեր փախան մարդասպաններից ու «թուրքացվեցին»: Տատիկի այդ անկեղծությունը շոկ առաջացրեց թոռնիկի մոտ, և նա սկսեց շրջապատին այլ աչքերով նայել: 2004 թվականին Չեթինը գրեց իր ընտանիքի պատմության մասին: «Մեծ մայրս» գիրքը դարձավ բեսթսելեր, ընթերցողների մեծ մասը Չեթինին երախտագիտության խոսքեր էին հղում: Ոմանք նրանք վիրավորում էին` «դավաճան»: Բայց տաբուն կոտրվեց»:

Նշենք, որ հոդվածում «Շպիգելը» զետեղել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև տեղահանությունների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտեզ: