Radio Pozitiv-ը հավատացել է ադրբեջանցիների ստին

11:05 • 05.08.10

Նյու Յորքում ռուսերեն լեզվով հեռարձակվող Radio Pozitiv ռադիոկայանն ադրբեջանցիներից ներողություն է խնդրել այն բանի համար, որ «Սարը գելին» («Սարի հարս» կամ «Սարի աղջիկ») երգը ներկայացրել է որպես հայկական: Այս մասին, ադրբեջանական Trend.az-ի փոխանցմամբ, ասվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներակայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ` հուլիսի 28-ին Radio Pozitiv-ը հեռարձակել է երգը` նշելով, որ այն հայկական է և ներկայացվում է Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Հեռարձակումից հետո ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կապվել է ռադիոկայանի հետ և խնդրել ուղիղ եթերով ուղղել «սխալը»՝ հայտարարելով, որ «Սարը գելինը» ադրբեջանական ժողովրդական երգ է: Radio Pozitiv-ը կատարել է ադրբեջանցիների խնդրանքը:

Նշենք, որ «Սարը գելինը» հայկական ժողովրդական երգ է, որը մեծ ժողովրդականություն է վայելում հայերի, իրանցիների, իրաքցիների, թուրքերի և ադրբեջանցիների շրջանում: Սակայն Ադրբեջանը և Թուրքիան մերժում են երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: