Պիտեր Բլասերի օդապարիկը և տիկնիկներ տարբեր երկրներից. Հայաստանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր»
Սեպտեմբերի 5–11-ը Հովհաննես Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում, կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 5–րդ փառատոնը։
«Այս տարի մենք արդեն նմանվում ենք կայացած փառատոնի», – այսօրվա ասուլիսին ասաց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ–Հայաստան»-ի նախագահ, փառատոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով՝ փառատոնին կմասնակցեն 22 տիկնիկային թատրոններ և թատերախմբեր Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից։
Բացի բուն ներկայացումներից` փառատոնի շրջանակներում կլինեն վարպետության դասեր, նաև տարբեր երկրների թատերախմբերի համատեղ ներկայացումներ։
Հարկ է նշել, որ փառատոնի մասնակիցներին և հյուրերին սպասում է հետաքրքիր մեկնարկ. Հայաստան կժամանի հայտնի տիկնիկագործ Պիտեր Բլասերը, ով տիկնիկների հետ միասին օդ կբարձրանա իր օդապարիկով։
Խոսելով փառատոնի ձեռքբերումների մասին` Սաֆարյանը նշեց, որ այս տարիների ընթացքում ստեղծվել են մարզային տիկնիկային թատերախմբեր, այդ թվում` Դսեղի «Կաթիլ», Իջևանի «Նարեկ» թատերախմբերը։










