5–6 տարի հետո Հայաստանում էլ երաժիշտ չի լինի. Էդուարդ Թոփչյան

18:43 • 09.09.10

«Մենք կորցնում ենք այն, ինչ ունենք։ Այլևս չունենք ոչ մի լավ երաժշտական դպրոց։ Գիտեմ, որ սա ասելով՝ շատ–շատերին նեղացնում եմ», – այսօրվա ասուլիսին հայտարարեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։

Թոփչյանը նշեց, որ իր սերնդի երաժիշտները դեռ չեն վերացել, սակայն «5–6 տարի անց մենք ոչ մի երաժիշտ չենք ունենա»։

Այդ ամենի պատճառները Թոփչյանը կապում է արտագաղթի, սխալ դասավանդման համակարգի, գումարով և ծանոթով բուհ ընդունվելու հետ։

Իր «փրկության ծրագիրը» ներկայացնելով՝ Թոփչյանը նշեց, որ ինքը գիտի ուղիները, սակայն իրեն ոչ ոք չի լսում։

«Հարկավոր է փրկել երկու երաժշտական դպրոց, ընդունել լավագույն երեխաներին և մոբիլիզացնել դասախոսներին», – իր ծրագրի մի մասը բացահայտեց նա։

Խոսելով դաշտում գործող երիտասարդ երաժիշտների մասին՝ դիրիժորը նշեց, որ նրանց դժբախտությունն այն է, որ «շատ վատ են նվագում, սակայն շատ գոհ են դրանից»։

Թոփչյանի խոսքով՝ տաղանդավոր և պրոֆեսիոնալ երաժիշտ չկա անգամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած նվագախմբում։