Հայ երգիչները նախագահի ներկայությամբ շարունակում են երգել ֆոնոգրամայով. Լեյլա Սարիբեկյան
Չնայած ՀՀ մշակույթի նախարարի հրամանին, համաձայն որի, պետական նշանակության համերգներին երգիչներին արգելվում է երգել «պլյուս» ֆոնոգրամայով, նրանք շարունակում են հանդես գալ այդպիսի կատարումներով։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց երգահան–երգչուհի Լեյլա Սարիբեկյանը։
«Անգամ նախագահի և նախարարի ներկայությամբ պետական նշանակության համերգներին վաստակավոր երգչուհիները շարունակում են երգել «պլյուս» ֆոնոգրամայի տակ, չեն ամաչում, չեն էլ հարգում», – ասաց նա։
Սարիբեկյանը հրաժարվեց կոնկրետ անուններ նշել՝ ասելով, թե «բոլորն էլ լսում են կատարումները և գիտեն այդ երգիչներին»։
Ըստ նրա, որոշ երգիչների համար «օրենքը» գործում է, ոմանց համար՝ ոչ։
«Բայց ինչո՞ւ նա, ով չի երգում, ավելի բարձր է վարձատրվում, քան ես»,– սրտնեղեց երգչուհին։
Այս հարցում երգիչ–երգահան Դավիթ Ամալյանը չհամաձայնեց Սարիբեկյանի հետ։ Նրա խոսքով, կարևոր չէ՝ ոնց են երգում, կարևոր է, թե ինչ են երգում։
«Թող ֆոնոգրամայի տակ երգեն, բայց երգերի բառերն իմաստ ունենան», – հավելեց նա։










