Ախպեր ո՞նց անենք, որ մենք էլ ֆիլմերում նկարվենք. դերասանը դժգոհում է սերիալներից

13:39 • 11.09.10

Երիտասարդ դերասաններին և ոչ դերասաններին, ովքեր պատահական հայտնվել են սերիալներում, անհրաժեշտ է արտիստական դպրոց անցնել։ Յուրաքանչյուր մասնագետ պետք է իմանա իր գործի արժեքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Արտաշես Ալեքսանյանը։ «Էն օրը մի տաքսու վարորդ ասում է՝ ախպեր ո՞նց անենք, որ մենք էլ ֆիլմերում նկարվենք։ Ասի՝ ո՞նց անենք, որ մենք էլ տաքսիստ դառնանք»,- նշեց դերասանը։

Սերիալների վերաբերյալ հնչեցնելով իր դժգոհությունը՝ դերասանը նշեց, որ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց սկսեցին ներգրավել դրանցում, և դերասանի մասնագիտությունը դարձավ սովորական բան. «Ստացվեց՝ ես էլ կարամ, դու էլ կարաս, Պողոսն էլ կարա։ Սակայն հանդիսատեսը զգում է անբնական խաղը։ Պրոֆեսիոնալը պետք է խաղա դերերում, նա, ով հասկանում է, որ պետք է երկխոսություն լինի, պաուզա լինի»։

Ըստ Ալեքսանյանի՝ շատ դերասաններ այսօր իբր խաղում են կերպարներ, բայց չգիտեն կերպարի հիվանդությունը որն է։ «Ամեն մարդ էլ ինչ-որ մի կետ ունի, մեկի գլուխն է ցավում, մեկի ոտքը, որ ինքը գիտի միայն։ Արտիստը պարտավոր է դա ներկայացնել։ Օրինակ՝ Օթելլոն էպիլեպսիկ է, դա պետք է ցույց տաս, կարդաս, իմանաս, մտնես կերպարի հոգեբանության մեջ»,- խորհուրդ տվեց նա։

Ի դեպ, Արտաշես Ալեքսանյանը հոկտեմբերից բացելու է նոր դերասանական ստուդիա՝ STAGE 7 անվամբ։ Այստեղ, բացի դերասանի վարպետությունից, կուսումնասիրեն նաև հոգեբանություն և արևելյան մարտարվեստներ։ Կգործեն անվճար գրադարան և ֆիլմադարան։ Ալեքսանյանը նշեց, որ նպատակ ունեն ստուդիայում բարձրորակ մասնագետներ պատրաստել։ Այստեղ ընդունվելու հնարավորություն բոլոր ցանկացողներին չի տրվի, կընտրվեն միայն շնորհալիները։