Прощай, Ռոբ. ReAnimania–ն հարգանքի տուրք մատուցեց Սահակյանցին (տեսանյութ)
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի հուշ երեկո։
Դահլիճում հավաքվել էին Սահակյանցի բարեկամներն և ընկերները։ «Բավականին պատասխանատու պահ է։ Մենք չգիտեինք՝ ինչպես նշել և հիշել այս օրը», – իր խոսքում ասաց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։
Նրա խոսքով՝ «Ռոբը ամեն ինչ շատ պարզ էր սիրում. այնպես, ինչպես որ կա։ Նա գնահատում էր արված աշխատանքը, այլ ոչ թե խոսքերը։ Նրա հետ հանդիպումը դնում էր ինձ պատասխանատվության առջև. ես նրան պետք է պատմեի, թե ինչ եմ արել», – հուզված պատմեց նա։
Քասունին պատմեց, որ հանդիպումների ավարտին Սահակյանցը միշտ ասում էր՝ прощай։ «Դա երևի երկրորդ բառն էր, որ ես սովորեցի ռուսերենով։ Սկզբից չգիտեի, թե ինչ է նշանակում։ Իսկ հետո բացատրեցին իմաստը. այդ բառը ոչ միայն ցտեսություն է նշանակում, այլ, հնարավոր է, այլևս երբեք չտեսնվենք։ Прощай, Ռոբ, մինչև հանդիպում», – ասաց Քասունին՝ նշելով, որ այդ բառերն արձակում է դեպի երկինք։
Նշենք, որ Քասունին և Սահակյանցը ծանոթացել են մոտ 11 տարի առաջ, երբ Վրեժը Հայաստան էր եկել Սիրիայից։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ՝ ֆոտոշարքով և ընկերների հուշերով։
Նշենք, որ ReAnimania փառատոնը սահմանել է Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ՝ «Աղվեսագիրք»։ Այս տարի այն շնորհվել է իտալացի ռեժիսոր–անիմատոր Բրունո Բոցետտոին։ Քասունին տեղեկացրեց, որ մրցանակը կհանձնվի մյուս տարի, երբ Բոցետտոն կժամանի Երևան։










