Լա Սկալան նոր թատերաշրջանը կբացի «Դոն Ժուանով»

13:31 • 16.04.11

Միլանի «Լա Սկալան» իր նոր թատերաշրջանը կբացի 2011թ. դեկտեմբերի 7-ին «Դոն Ժուան» ներկայացման պրեմիերայով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Թատրոնի 2011-2012թթ. թատերաշրջանում կցուցադրվի 13 օպերային ներկայացում, որոնցից 7-ը կլինի պրեմիերա, ինչպես նաև 7 բալետ, որից 2-ը` նոր բեմադրությամբ:

«Դոն Ժուան» օպերայի նոր բեմադրության ռեժիսորը կանադացի Ռոբերտ Կառսենն է, որը նախկինում «Լա Սկալայում» բեմադրել էր «Կարմելիտայի մենախոսությունները» օպերան: Ներկայացման դիրիժորը Դանիել Բարենբոյմն է, ով «Գրեմմիի» բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Վերջինս օպերային դիրիժորի իր կարիերան 1973թ. սկսել է հենց «Դոն Ժուանից»:

«Դոն Ժուան» օպերան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել է Լորենցո դա Պոնտեի լիբրետոյի հիման վրա: Պրեմիերան կայացել է Պրահայում 1787թ. հոկտեմբերի 29-ին:

Դոն Ժուանի կերպարը` որպես Սևիլիայի կանանց գայթակղող տղամարդ, առաջին անգամ ի հայտ է եկել իսպանացի դրամատուրգ Տիրսո դե Մոլինայի «Սևիլյան գայթակղողը կամ Քարե հյուրը» պիեսում: