Կինոթատրոնի տնօրենին համապատասխան քաղաքականություն վարելու պահանջը վերևից պետք է ներկայացվի. կինոռեժիսոր

13:45 • 16.04.11

Աշխարհում ոչ մի հեռուստատեսություն բարձրակարգ ֆիլմերով երես չի տալիս ի հեռուստադիտոողին, բայց երբեմն-երբեմն, այնուամենայնիվ, ի տարբերություն հայաստանյան հեռուստաալիքների, լավ ֆիլմեր ցույց են տալիս։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Չեզոք դրություն», «Արարման ութերորդ օրը», «Մի´ նայիր հայելուն», «Արյուն», «Խենթ հրեշտակը», «Ժանո» և այլ ֆիլմերի ռեժիսոր Սուրեն Բաբայանը։

«Տարօրինակ պետություն ենք. «Ոսկե ծիրան» վերջին փառատոնին իմ «Մի´ նայիր հայելուն» ֆիլմը ստացավ Բոլոր լիգաների համաշխարհային կազմակերպության մրցանակը, որն, իրոք, համաշխարհային գնահատական է, և դրանից հետո միայն հանրայինը [Հ1-ը] երկու անգամ գիշերը ժամը 3-ին ցուցադրեց «Մի´ նայիր հայելուն»-ը։ Ինչ ասեմ, մեր գործը լավ ֆիլմեր ստեղծելն է, իսկ հանրային հեռուստաընկերությունները պիտի հայկական լավ ֆիլմերը ցուցադրեն՝ գոնե ուշ գիշերվա ժամերին»,- ասաց նա։

Ըստ կինոռեժիսորի՝ ամերիկյան ֆիլմերի, մուլտերի և այլնի շարքում մեր կինոթատրոններում ևս չի ցուցադրվում «նորմալ հայկական կինո», և երբ կինոգործիչները դիմում են տնօրենին, մերժվում են՝ «Ի՞նչ ցույց տանք, մեկ ա, մարդ չի գալու» պատասխանով։ «Բայց ախր այդ «մարդ գալը» ոչ միայն գովազդի, ցուցապաստառների և այլնի խնդիր է, այլև՝ հիմնական քաղաքականության արդյունք։ Հասկանալով, որ կինոն հասարակական կյանքի վրա ազդող ամենալուրջ գործոններից է, կինոթատրոնի տնօրենի վրա համապատասխան քաղաքականություն վարելու պահանջով վերևի´ց պիտի գոռան՝ բարձր և պարբերաբար»,- նշեց Բաբայանը։

Որակյալ կինո ստեղծելու գործում, ըստ կինոռեժիսորի, հիմնային խնդիր է երկրորդ և երրորդ շարքի որակյալ աշխատողներ՝ լուսավորողներ, լույս դնողներ, մեխանիկներ ունենալը։ Ըստ նրա՝ Հայաստանում անձնակազմ պատրաստելու աշխատանքներ ուղղակի չեն տարվում։ «Նորմալ օպերատորներ, տեխնիկական անձնակազմի գիտակներ մեզ մոտ չեն պատրաստում։ Հաճախ գալիս ենք նկարահանման հրապարակից, բացում ենք ժապավենն ու տեսնում, որ ամբողջը անֆոկուս է, խոտան է, պետք է դեն գցել, բայց ո՞վ է մեղավոր, որ մեր օպերատորները ուսանելիս կյանքում «Կոդակի» ժապավեն տեսած չեն լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ խոտանելով ժապավենը, որի համար հազիվ էին կարողացել գումար ձեռք բերել, կանգնում են առավել լուրջ խնդրի առաջ. ինչպե՞ս ավարտին հասցնել նկարահանումները։

Բաբայանը հաղորդեց, որ հիմա Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի հիման վրա կինոսցենար է գրում։ Շուտով պետք է սկսվեն նկարահանումները, իսկ մասնավոր ընկերությունները, որոնք ստանձնել են ֆինանսավորումը, բյուջեն շարունակում են կրճատել, և իրենք, համապատասխանաբար, ստիպված են կրճատել թանկարժեք էպիզոդները. «Իսկ հետո դուք՝ լրագրողներդ, կնայեք ու կքննադատեք,- ասաց նա։- Ես աշխարհի ամենաօպտիմիստ մարդն եմ, բայց այսօր պիտի ասեմ՝ ոչ մի լավ բան չկա, ոչ մի լավ բան չի լինի»։

Անդրադառնալով հայկական սերիալներին՝ Սուրեն Բաբայանը նշեց, որ սերիալն առանձին երևույթ է և արվեստի հետ ոչ մի կապ չունի։ «Սերիալը հեռուստատեսային սուբպրոդուկտ է։ Այն առաջ շատ վատն էր, հիմա ասում են՝ մի քիչ ավելի լավն է. այդ մի քիչ ներքև-վերևն արվեստագիտական տեսանկյունից ուղղակի նկատվող չի»,- նշեց նա՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում շատ մեծ քանակությամբ սերիալներ են նկարահանվում, և այդ քանակի մեջ ուղղակի հնարավոր չէ, և ոչ ոք չի էլ ձգտում պահպանել արվեստի բարձր չափանիշներ. «Ամբողջ աշխարհում դա համարվում է նորմալ. մեզ մոտ են դեռ ծանր տանում, բայց դա էլ շուտով կփոխվի»։

Ըստ նրա՝ կինոյի գրական հիմքը կարևոր է. «Լավ սցենարներ այսօր քիչ են պատահում, և դա դժվարացնում է ընտրությունը։ Բայց մի բան էլ կա. լավ սցենարը կարելի է լավ փչացնել, կամ ոչ այդքան ուժեղ սցենարով նկարել բավական լավ կինո»,- ասաց կինոռեժիսորը՝ լավ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ համարելովվ ողջ անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, ֆինանսավորումը և մշտապես աճելու, համաշխարհային փորձը մարսելու և զարգանալու անվերջ ձգտումը։ «Ցավոք, նոր սերնդի մեջ այդ պոտենցիալը ես գրեթե չեմ տեսնում. ես դասախոսում եմ ապագա ռեժիսորներին, և երբեմն ուղղակի խենթանում, երբ մտածում եմ, որ մի-երկու տարի անց նրանք կոչվելու են ռեժիսոր, նկարահանելու են ու ցուցադրելու։ Լավ կլինի ՝ գոնե սերիալ նկարեն»,- ասաց Սուրեն Բաբայանը։