Ջորջ Մայքլը արքայազն Ուիլյամի հարսանիքին նվիրում է Սթիվի Ուանդերի երգի քավերը
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը քավեր է ձայնագրել Սթիվի Ուանդերի You and I երգի հիման վրա։ Երգիչն առաջին անգամ երգը կատարել է նախօրեին CNN հեռուստատալիքով։
Երգը նվեր է արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի հարսանիքին։ Ջորջ Մայքլը ավելի վաղ ցանկություն էր հայտնել կոմպոզիցիա ձայնագրել հանդիսավոր արարողության առթիվ, թեև չէր նշել, թե հատկապես ինչ երգ է պատրաստվում երգել։ Քավերը հնարավոր է համացանցից ներբեռնել։ Երգիչը, սակայն, հուսով է, որ երգ ներբեռնողները գումար կնվիրաբերեն Ուիլյամի ու Քեյթի բարեգործական հիմնադրամին։
Ջ.Մայքլը թեև եղել է Ուիլյամի մոր՝ արքայադուստր Դիանայի ընկերը, սակայն հայտարարել է, թե չի սպասում հարսանիքի հրավերի։
Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ զույգը «պետք է շրջապատված լինի իրենց սիրելի մարդկանցով և ոչ թե բանտում հայտնված կասկածելի փոփ աստղերով»։
Անցած տարի երգիչը մեկ ամիս անցկացրել էր բանտում՝ թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով։
You and I երգը միակ երաժշտական կոմպոզիցիան չէ, որ ձայնագրվել է արքյազնի հարսանիքի համար։ Ավելի վաղ ռեփեր Սնուպ Դոգը Wet անվանումով թրեկ էր ձայնագրել արքայազնի՝ ապրիլի 29-ին կայանալիք հարսանիքի համար։










