The Los Angeles Times-ը ստացել է երկու Պուլիտցերյան մրցանակ
Երեկ Նյու Յորքում հայտարարվել են Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների անունները։
«Հասարակությանը ծառայելու համար» ամենապատվավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել The Los Angeles Times թերթը, որն արժանացել է ոսկե մեդալի։ Հրատարակությունը մրցանակի է արժանացել կալիֆոռնիական Բել քաղաքի վերաբերյալ նյութի համար, որը պատմում է քաղաքային իշխանությունների չարաշահումների մասին։ Հոդվածի արդյունքում Բելի օրենսդրական համակարգում կատարվեցին մի շարք բարեփոխումներ, ձերբակալվեցին մի շարք պաշտոնյաներ։
Այս հեղինակավոր մրցանակն ստանալու համար պայքարում էին նաև Bloomberg գործակալության ու The New York Times թերթի լրագրողների հոդվածները։
The Los Angeles Times-ին պարգև է շնորհվել նաև «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում։ Լուսանկարիչ Բարբարա Դևիդսոնը մրցանակ է ստացել Լոս Անջելեսի փողոցներում գանգստերական պատերազմների հետևանքով սպանվածների մարմինների ֆոտոշարքի համար։
The New York Times-ը պարգևներ է ստացել «Միջազգային ռեպորտաժ» (Ռուսաստանի նավաշինարարության մասին հոդված) և «Մեկնաբանություն» (ԱՄՆ էկոնոմիկայի մասին հոդված) անվանակարգերում։
Լրագրողական ակնառու հետազոտության համար մրցանակ է ստացել The Sarasota Herald-Tribune պարբերականի լրագրող Փեյջ Ստ. Ջոնը՝ Ֆլորիդայում ապահովագրության ոլորտում հետազոտության համար։
Գեղարվեստական գրականության ոլորտում Պուլիտցերյան մրցանակ է ստացել Ջենիֆեր Իգանը։ «Դրամատիկական ստեղծագործություն» անվանակարգում հաղթել է Բրյուս Նորիսը, երաժշտական անվանակարգում՝ Ժու Լոնգը Madame White Snake չինական ժողովրդական հեքիաթի վրա բեմադրված օպերայի համար։
Պուլիտցերյան մրցանակը ԱՄՆ լրագրության ու գրականության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից է։ Հաղթողներին որոշում են Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները։ Պուլիտցերյան մրցանակ են ստացել Ուիլյամ Ֆոլկները, Էռնեստ Հեմոինգուեյը, Ջոն Ափդայկը, Հարպեր Լին, Ռոբերտ Ֆրոստը, Տեննեսի Ուիլյամսը, Արթուր Միլլերը, ինչպես նաև Բոբ Դիլանը։










