Գավառամտությունը ոչ թե տեղանքով է պայմանավորված, այլ մտածելակերպով. արվեստագետ

08:07 • 19.04.11

Թատրոնը չի կարող չարձագանքել հասարակությունում կատարվող գործընթացներին՝ լինի դա հասարակական, բարոյահոգեբանական, թե սոցիալական։ Հաճախ երբ մենք խոսում ենք հասարակությունում տեղի ունեցող գործընթացների մասին, այդ ամենը սահմանափակում ենք զուտ քաղաքական ենթատեսքստով` մոռանալով, որ պետք չէ նեղացնել շրջանակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Թատրոն X» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

«Այն, ինչով ապրում է մարդը, միայն զուտ քաղաքական չէ»,- ասաց Բաբայանը՝ ուրախությամբ նշելով «Թատրոն X»-ի՝ հասարակություն-թատրոն կապի ակտիվացմանն ուղղված քայլերն ու ձևի փնտրտուքը։

«Փառատոնում առաջին օրվանից դրված էր հետևյալ գաղափարը: Ներկայացումից հետո այն հանդիսատեսը, որը ցանկություն ունի, մնում է թատրոնում, և թատերագետների հետ սկսվում է բաց խոսակցություն ներկայացման մասին: Եվ այստեղ մենք չենք տարանջատում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունները»,- ասաց նա՝ կարևորելով այդ քննարկումները։ Եթե արվեստագետը չի լսում կողքից կարծիք, որն անպայման չէ, որ լինի պարտադիր մասնագիտական, համոզված է փառատոնի գեղարվեստական ղեկավարը, նա սկսում է ճահճանալ:

«Ստեղծագործել կարող են միայն այն մարդիկ, որոնք իրենցից ներկայացնում են բաց համակարգ` բաց են նորությունների, քննադատությունների, աշխարհի հետ շփվելու համար»,- ասաց նա՝ փառատոնի շրջանակում արձանագրելով մեկ առաջընթաց, այն է՝ «բանավեճի մշակույթը», որը տեղի է ունենում նաև մարզերում ու ԼՂՀ-ում: «Կարողանալ լսել ուրիշներին` նույնիսկ չհամաձայնելով ուրիշի կարծիքին, բայց հարգել այն, բանավեճի մշակույթ է, որը ձեռք է բերվում կյանքի, նման քննարկումների ընթացքում»,- ասաց Բաբայանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ տարին է, ինչ քննարկումներն անցկացվում են մարզերում։

«Այդ քննարկումներից հետո հաջորդ տարի տեսնում ես, որ թատրոնները փորձում են այլ արտահայտչամիջոցներ գտնել, որովհետև, ի վերջո, գավառամտությունը ոչ թե տեղանքով է պայմանավորված, այլ մտածելակերպով»,- համոզված է Բաբայանը: