11 նոր գիրք՝ Արևմտյան Հայաստանի պատմական ծանրագույն շրջանների մասին

16:41 • 20.04.11

Լույս է տեսել ևս 11 գիրք, ուր ամփոփված են հայոց հոգու մորմոքն ու զայրույթի ճիչը. այսօր Արևմտյան Հայաստանի պատմության ծանրագույն շրջանին նվիրված 11 գրքերի շնորհանդեսի ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ «ԵՊՀ հրատարակչությունը զարմանալի հաստատակամությամբ է շարունակում հրատարակել պատմագիտական այս ձեռնարկները՝ վերհանելով մեր պատմության սև ու սպիտակ էջերը»,- նշեց նա։

Նշվեց, որ այս գրքերն անդրադառնում են Արևմտյան Հայաստանում իրականացված Ցեղասպանությանը և դրան նախորդող պատմական իրադրություններին՝ դրանք ներկայացնելով պատմագիտական, օրագրային, վիպական, բանահավաքչական ժանրերով։ Ներկայացված Գոնսալո Հ.Գունարչի «Հայոց կտակ, Ստեփան Պողոսյանի «Հայող ցեղասպանության պատմություն» (1-32-րդ հատորներ), Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներով», Վահան Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ստյոպա Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին» (1-ին հատոր), Ստեփան Պողսյանի «Թուրքերը թուրքերի մասին» (2-ին հատոր), Վարուժան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության առաջին փուլը ֆրանսիական պատմագրության և հասարակական մտքի գնահատմամբ (XIX դարի վերջ- XX դարի սկիզբ)», Դորա Սաքայանի «Զմյուռնիա 1922, բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը» (hայերեն և անգլերեն), Ռաֆիկ Նահապետյանի «Աղձնիքահայերի՝ մանկան խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը», Վիլհելմ Բաումի «Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները» և Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» գրքերը տպագրվել են ԵՊՀ հրատարակչության կողմից, և դա, ըստ հեղինակ Ռաֆիկ Նահապետյանի՝ աջակցություն է գիտաշխատողների համար.

«Ցեղասպանությունը վերապրածներին հուշերն ու անձնական պատմությունները մեզ համար անգնահատելի են թե´ բանահավաքչության, թե´ քաղաքական-իրավական տեսանկյունից, իսկ նրանք արդեն տարեց մարդիկ են, կորցնում ենք նրանց»,- նշեց գիտնականը, ով անձնական միջոցներով շուրջ 40 տարի շրջում է Հայաստանի քաղաքներով ու գյուղերով՝ հյուրընկալվելով Սասունից, Բիթլիսից ու Տիգրանակերտից գաղթածների տանը, հորդորելով նրանց պատմել Արևմտյան Հայաստանի կյանքի պայծառ ու ծանրագույն տարիների հուշերից։