Կաննում լավագույնի կոչման համար կպայքարի 9 կարճամետրաժ ֆիլմ
Կաննի 64-րդ կինոփառատոնի տնօրինությունը հայտարարել է այն 9 ֆիլմերի անվանումները, որոնք հավակնում են «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթողի կոչմանը։ Այս անվանակարգում հաղթողի կոչման համար կպայքարեն ռեժիսորներ Մա Դաչիի («Ուրվական», Հրվ. Կորեա), Վանես Դեստուպի («Լողազգեստ 46», Բելգիա), Վլադիմիր Դուրանի («Ես այնպես երջանիկ եմ», Արգենտինա), Նեշ Էդջերտոնի («Արջը», Ավստրալիա), Լիզա Մարի Համլետի («Սպի», Նորվեգիա), Սեմ Հոլսթի («Տխմարը», Նոր Զելանդիա), Նիկոլա Ռուայի («Կարևոր չէ», Կանադա), Մեգումի Տացակիի («Հայրական գիրկ», Ճապոնիա), Մարինա Վրոդայի («Խաչը», Ֆրանսիա) ֆիլմերը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
Կինոփառատոնի կանոնադրության համաձայն՝ Կաննում ներկայացված ֆիլմերը նախկինում չպետք է ցուցադրված լինեն որևէ այլ վայրում։
Կաննի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Լազուրե ափին մայիսի 11-22-ը։ Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմը գլխավորելու է Միշել Գոնդրին։ Կինոփառատոնում ներկայացված ամենակարճ՝ 8 րոպեանոց ֆիլմը ներկայացրել է Ավստրալիան, այնինչ բելգիական ու ճապոնական կարճամետրաժ ֆիլմերը ունեն մաքսիմալ խրոնոմետրաժ՝ 15 րոպե։
Հիշեցնենք, որ անցած տարի Կաննում «Լավագույն կարժամետրաժ ֆիլմ» ճանաչվեց և «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացավ ֆրանսահայ Սերժ Ավեդիկյանի «Շան պատմությունը» անիմացիոն ժապավենը։
Անցած տարիներին Կաննում կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում մասնակցությունը կարիերային հաջող մեկնարկ դարձավ շատ ռեժիսորների, այդ թվում՝ Նուրի Բիլգե Ջեյլանի, Լին Ռեմզիի ու Կատալինա Միտուլեսկիի համար։ Նրանց ֆիլմերն այս տարի ներառվեցին փառատոնի հիմնական ծրագրում։










