Ռոբերտ դե Նիրոն գլխավորում է Կաննի ժյուրին
Մայիսի 11-ից 22-ը Ֆրանսիայի Լազուրե լողափին անցկացվելիք Կաննի հայտնի կինոփառատոնի ժյուրիի կազմն արդեն հաստատվել է։ Այս տարի հիմնական մրցույթի ժյուրիի կազմը կգլխավորի ախարհահռչակ Ռոբերտ դե Նիրոն։
Բացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Դե Նիրոյից՝ ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը, բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, արգենտինացի դերասանուհի, պրոդյուսեր Մարտինա Գուսմանը, չինացի պրոդյուսեր Նանսուն Շին, ֆրանսիացի կինոռեժիսոր Օլիվիե Ասայանը, նորվեգացի գրող, հայտնի գրաքննադատ Լին Ուլմանը, Չադից ժամանած կինոռեժիսոր Մահամեդ Սալեհ Խարունը, հոնգկոնգցի պրոդյուսեր ու կինոռեժիսոր Ջոննի Տոն։ Այս մասին գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Հենց նրանք պետք է գնահատեն Լարս ֆոն Տրիերի («Մելանխոլիա»), Տորենս Մալիկի («Կյանքի ծառ»), Պեդրո Ալմոդովարի («Մաշկը, որի մեջ ես ապրում եմ») ու մրցութային հիմնական կազմում տեղ գտած ևս 16 այլ ֆիլմեր։
Կաննի 64-րդ կինոփառատոնն այս տարի կբացի ռեժիսոր Վուդի Ալենի նոր՝ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, որտեղ նկարահանվել է Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին։ Ակնկալվում է, որ փառատոնի ոչ մրցութային ցուցադրության ամենասպասված պրեմիերան կլինի ռեժիսոր Ռոբ Մարշալի աղմկահարույց «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերին» ֆիլմը։










