Երգեհոնային խնկարկում Ցեղասպանութան զոհերի հիշատակին
Արամ Խաչատրյանի անվամ մեծ համերգասրահում այսօր տեղի ունեցավ երգեհոնային երաժշտության երեկո՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Առաջին համարն էր Բախի «Երբ մեզ ծանրագույն դժբախտություն է պատահում» խորալը, որ կատարեց Հայաստանում երգեհոնային երաժշտության հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը։ Հայ 12 երգեհոնահարներ կատարեցին հայ ժողովրդական և հոգևոր ստեղծագործությունների երգեհոնային մշակումներ, ինչպես նաև՝ Բախի երգեհոնային ստեղծագործություններից։
Ինչպես համերգի բացմանը նշեց Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը, «50 տարի առաջ, երբ դեռ արգելված էր Եղեռնի մասին խոսել, Վահագն Ստամբոլցյանը և մեր Սվետլանան՝ Լուսինե Զաքարյանը, նախաձեռնեցին հիշատակի երեկո։ Այն իհարկե քողարկված էր՝ ծրագրում Բախ էր, Կոմիտաս. բայց այն, ինչ կատարվում էր Բախից և Կոմիտասից, խնկարկում էր ի հիշատակ մեծ Ողբերգության»։ Նա հաղորդեց նաև, որ Կոնսերվատորիայի հիմնադրումից տասնամյակներ անց այն դեռ չուներ երգեհոն, քանի որ այդ գործիքը հոգևոր երաժշտության հետ էր կապվում, և նույնիսկ մեծ ցանկության պարագայում Գալուստ Գյուլբեկյանը չէր կարողանում Հայաստանին մի երգեհոն նվիրել։
«Պետք է նշեմ, որ Ստամբոլցյանի ջանքերով ոչ միայն Հայաստանն ունեցավ երգեհոն, այլև այստեղ հիմնադրվեց երգեհոնային դպրոց, և այն լավագույններից մեկն էր ԽՍՀՄ-ում»,- ասաց նա։
Հայ երգեհոնային արվեստի հիմնադրման և զարգացման, ինչպես նաև 80-ամյա հոբալյանի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ հանձնելով Վահագն Ստամբոլցյանին՝ փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ նրա շնորհիվ հայ հոգևոր երաժշտության համարներից են իրենց նվագացանկերում ընդգրկում աշխարհի մեծագույն երգեհոնահարները, որոնց առաջին հնգյակում է հայ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը, երգեհոնը, լինելով փողային գործիք, ամենամոտն է մարդկային հոգուն, նրա հնչողությունը և մարդկային շնչառությունն ունեն աշխատանքի նույն սկզբունքները. «Այն համարվում է գործիքների արքա, ունի մարդկային հույզերը, ապրումներն ու մտքերը արտահայտելու ամենամեծ սպեկտրը», մինչդեռ, ըստ Արմեն Բուդաղյանի, երգեհոնի մասին այնքան են մոռացել, որ այսօր հաճախ երիտասարդները հարցնում են իրեն. «Ինչո՞ւ են ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում շարված այդ երկարուկ խողովակները»։










