Արևմտյան Հայաստանում մեծ ընտանիքներով էին ապրում, Արևելյանում՝ ոչ. գիրք է լույս տեսել աղձնիքահայերի մասին

08:05 • 21.04.11

Աղձնիքը պատմական Հայաստանի այն շրջանն է, որ առավել շատ է հոշոտվել թե´ Եղեռնի ժամանակ, թե´ դրան նախորդող պատմական տարիներին։ Tert.am-ի հետ զրույցում այսօր նշեց «Աղձնիքահայերի՝ մանկան խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը» գրքի հեղինակ Ռաֆիկ Նահապետյանը։ Նա հետազոտել է Աղձնիքի պատմությունն ու կենցաղը Արևմտյան Հայաստանի այս տարածքից գաղթածների և նրանց սերունդների պատմությունների և պատմագիտական մեծածավալ նյութերի ուսումնասիրմամբ՝ կատարելով գիտական-բանահավաքչական մեծ աշխատանք։

Սա Աղձնիքին նվիրված նրա երրորդ հատորն է. «Առաջին հատորում անդրադարձել եմ Սասունի, Տիգրանակերտի ու Բիթլիսի պատմաժողովրդագրական վիճակին։ Ներկայացրել եմ նյութեր՝ հիմնավորելով Արևմտյան Հայաստանի մեծ գերդաստաններով ապրելու անհրաժեշտությունը»,- պատմեց հեղինակը։ Նա նշեց, որ մեծ գերդաստաններով ապրելը ոչ միայն սոցիալական խնդիր էր լուծում, այլ առավել ևս ուներ անվտանգության նպատակ։ Բերդանման տները, ըստ նրա, ունեին 60-70 անդամ, և տուն մտնելով՝ կարող էիր տեսնել 20 ճոճվող օրորոց։ «Դա ժամանակի պահանջն էր, վայրագ օտարի կողքին ապրողի համար անհրաժեշտ, պարտադրված կենսակերպ»,- նշեց նա՝ անհիմն համարելով ոմանց այդ կենսակերպին վերադառնալու մարմաջը։ «Այդ նույն շրջանում Արևելյան Հայաստանում բոլորովին էլ այդպիսին չէր ընտանեկան կեցությունը. փոքր ընտանիքներով էին ապրում»,- նշեց նա։

Երկրորդ հատորում նա անդրադառնում է Աղձնիքի ամուսնական և հարսանեկան ավանդույթներին: «Ցավով եմ ասում, գրքում շատ մեծ տեղ ունի երեխաներին վաղ ամուսնացնելու ուսումնասիրությունը՝ նորածին երեխային, մանկահասակ աղջկան ամուսանցնում էին, և դա ուներ միմիայն մի նպատակ՝ փրկել երեխային»,- նշեց նա՝ հավելելով, որ ավանդույթը ձևավորվել էր դարեր շարունակ վերապրած՝ ժողովրդի դաժան կենսափորձի արդյունքում։

Այսօր հանրությանը ներկայացված գրքում Ռաֆիկ Նահապետյանը ներկայացնում է մանուկների նկատմամբ հայ ընտանիքում առկա վերաբերմունքը և ընտանեկան հարաբերությունների վրա թշնամու ներկայության ազդեցությունը։ «Աղձնյաց ընտանիքում եղել է տղա երեխայի պաշտամունք, աղջիկ երեխայի նկատմամբ չկա այդ վերաբերմունքը՝ նա համարվում է «դրսի պատ», իսկ բազմաթիվ տղա զավակներ ունեցած կնոջ իրավունքները հավասարվում էին համայնքում հարգված տղամարդկանց իրավունքներին՝ նրա խոսքն օրենք էր»,- ասաց գիտնականը։

Այս գրքում է ներկայացված հայոց պատմության սև էջերից մեկի մի անսովոր ազդեցությունը հաջորդող տասնամյակների վրա: «1904թ Սասնա կոտորածից հետո, երբ ժողովուրդը շատ էր պակասել, ամուլ կին ունեցող տղամարդը երկրորդ կին էր բերում, և առաջինն այս դեպքում ունենում էր նոր դեր՝ տանտիրուհու, մոր դեր, իսկ երկրորդ կինն արդեն տան հարսն էր լինում։ Եվ նույնիսկ Եկեղեցին ազգային ժողովրդագրական խնդրին ի տես, ընդունել էր այս որոշումը, և մի-երկու տասնամյակ այն ավանդույթի արժեք ուներ»։

«Աղձնիքահայերի՝ մանկան խնամքի ավանդական սովորույթներն ու ծեսերը» գրքում ներկայացված են նաև մանկան խնամքի ու բաժման այն ավանդական միջոցները, որ նպատակ ունեին իրենց սեռի մեջ առավելագույնս գեղեցիկ և առողջ սերունդ կրթել։ «Մարմնակրթության և մերսման մեթոդները տղայի ու աղջկա դեպքում լրիվ տարբեր էին և այնքան ֆիզիոլոգիապես ճիշտ, որ մնում է միայն օրինակ վերցնել»,- ասաց նա։ Ըստ գիտնականի՝ Աղձնյաց գավառում երեխա դաստիարակելու և մեծացնելու գործում ընտանիքում առկա էր հստակ և կատարյալ դերաբաշխում, որ նպատակ ուներ հայրենասիրությամբ և ազնվությամբ կրթել սերնդին։