Ես երբեք ժողովրդիս հետ իմ ծնունդը չեմ նշել. տենոր Վահան Միրաքյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 27-ին կնշվի աշխարհահռչակ հայ տենոր, ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի ծննդյան 75 և ստեղծագործական ուղու 50-ամյակը։
Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Վահան Միրաքյան» հիմնադրամի փոխնախագահ Մարիկա Էյը։ 2004թ. ԱՄՆ-ում ստեղծված հիմնադրամը «ծառայում է տաղանդավոր մարդկանց» օգնելուն։ «Մաեստրոն հասկանում է, որ օգնել պետք է տաղանդներին, որովհետև անտաղանդը փակ դուռ չի ճանաչում, ինքը ցանկացած դուռ կարող է բացել»,- ասաց Մ.Էյը։
Վերջինս տեղեկացրեց, որ Միրաքյանը ցանկություն ունի վարչապետին առաջարկել «Կրթություն, գիտություն, արվեստ՝ հայոց ազգի զենքն է մեծ» նախագիծը, իսկ Վ. Միրաքյանն էլ իր հերթին առաջարկեց Օպերայում բացել թանգարան ու Հոլիվուդի նմանությամբ աստղեր դնել բակում։
Մաեստրոն տեղեկացրեց, որ կայանալիք համերգը կրելու է բարեգործական բնույթ, որի ամբողջ հասույթն ուղղվելու է հիվանդ երեխաների բուժմանը։
Նա նաև տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ իրեն անընդհատ մերժում են տրամադրել Հայաստանի քաղաքացիություն։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ավստրիահպատակ, ներկայում Լոս Անջելեսում բնակվող տենորը որոշել Երևանում նշել իր ծննդյան տարեդարձը, Միրաքյանը պատասխանեց. «Ես երբեք ժողովրդիս հետ իմ ծնունդը չեմ նշել։ Եվ գիտեք, կյանքն անվերջ չէ։ Բայց այսօր 75 տարեկան հասակում ես եկել եմ իմ ժողովրդին նվեր անելու։ Ուզում եմ ցույց տալ, որ այս հասակում Վահան Միրաքյանը կա»,- ասաց նա՝ նշելով, թե կուզենար այնքան ապրել, որքան կկարողանար երգել։
Համերգի կապակցությամբ բարիտոններ կժամանեն Ավստրայից, ամսի 27-ին Երևան կգա շվեյցարացի հայտնի բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Վ. Միրաքյանը տեղեկացրեց նաև, որ լինելու են բազմաթիվ անակնկալներ, որոնց մի մասից ինքը տեղյակ չէ։










