Ամերիկայի խորքում գրքի եզակի սկզբնատիպ է հայտնաբերվել
Յուտա նահանգի Սենդի քաղաքում հայտնաբերվել է 1493թ. Գերմանիայում հրատարակված «Նյուրնբերգյան խրոնիկա» գրքի եզակի սկզբնատիպը (ինկունաբուլ)։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ներկայում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է վերոնշյալ գրքի 700 օրինակ։
Գիրքը պատահաբար հայտնաբերել է Սոլթ Լեյք Սիթիի գրավաճառներից մեկը, որը մասնակցում էր տեղական թանգարանի համար միջոցների հավաքագրման գործընթացին։
Գրքի սեփականատերը՝ Սանդերսը, պատկերացում չի էլ ունեցել, թե ինչ գանձ է գտնվում իր մոտ։ Վերջինիս խոսքով՝ ինքը ցնցվել է, որ այդքան եզակի գիրքը պահվել է ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող փոքր քաղաքում։
Հայտնաբերված գրքից, որն այնքան էլ լավ վիճակում չէ, պակասում են էջեր, սակայն, Սանդերսի խոսքով, այն մեծ արժեք է ներկայացում հավաքորդների համար։ «Ցանկացած գրավաճառ երազում է ձեռք բերել այս գիրքը կամ գոնե գրքի մի քանի էջ»,- հայտարարել է նա։
Իդեալական վիճակում գտնվող նմանատիպ գրքերի արժեքը կարող է կազմել անգամ 1 միլիոն դոլար։ 2010թ. բավական լավ պահպանված «Նյուրնբերգյան խրոնիկա» գրքի մի օրինակ Լոնդոնում վաճառվել է 850 հազար դոլարով։
Գրավաճառներից մեկի կարծիքով՝ հայտնաբերված սկզբնատիպը, ամենայն հավանականությամբ, կարժենա 50 հազար դոլարից ոչ ավելի։
«Նյուրնբերգյան խրոնիկան» գրել է Հարթման Շեդելը, հրատարակել Անտոն Կոբերգերը։ Գիրքը նկարազարդված գրքերի առաջին օրինակներից է (ավելի քան 2000 նկարազարդում): Դա պատմական գիրք է, որն ընդգրկում է աշխարհի սկզբնավորման օրերից մինչև 15-րդ դարի վերջը։ Գրքին մեծ արժեք է տալիս այն, որ այնտեղ տրված է եվրոպական շատ քաղաքների նկարագրությունը քարտեզներով։










