Ազգային գծերով համամարդկային արվեստ. նկարիչ-դասախոսները որոշել են միասին ցուցահանդես բացել

08:00 • 26.04.11

Ապրիլի 27-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվելու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի հինգ դասախոս-նկարիչների՝ Արթուր Մարտիրոսյանի, Վահրամ Հակոբյանի, Լիլիթ Ֆլջյանի, Սոս Հարությունյանի և Արա Հակոբյանի համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու է 80 աշխատանք: Tert.am-ի թղթակիցը նկարիչներից երեքի հետ զրուցել է Սոս Հարությունյանի արվեստանոցում: Նրանք նշում են, որ ցուցահանդեսի համատեղ կազմակերպումը թելադրված է նաև կենցաղային իրողություններով:

Ցուցահանդեսում կներկայացվի շուրջ 80 աշխատանք՝ տարբեր ժանրերում և տարբեր թեմաներով։ «Հետաքրքիր է լինելու,- ասաց ասաց նկարիչ, արվեստաբան Արա Հակոբյանը,- ավանգարդ կլինի՝ աբստրակտ, մանրանկարչություն՝ ոչ թե արտանկարներ, այլ հեղինակային նկարներ՝ ավանդական ձևերի, սիմվոլիկայի պահպանմամբ, նատյուրմորտներ, հայկական բնաշխարհի գեղանկարներ և այլն»։

Իսկ թե ինչու են հինգով որոշել միասին ցուցահանդես կազմակերպել, Հակոբյանն ասաց, թե այդպես են որոշել, որպեսզի բազմաբնույթ նկարների մեջ ցանկացած մարդ կարողանա գտնել իրեն հոգեհարազատ պատկերներ: «Փորձելով ներկայացնել հնարավորինս առանձնահատուկ գործեր՝ նկարների ընտրությունը կատարել ենք միասին՝ պահպանելու համար ցուցադրության ամբողջականությունը»,- նշեց Արա Հակոբյանը՝ հավելելով, որ համատեղ ցուցահանդես կազմակերպելն ուներ նաև կենցաղային հիմք՝ նկարիչներից ամեն մեկի համար էլ դժվար է շրջանակ ձեռք բերել 20-ից ավելի նկարների համար, գումարներ ծախսել կազմակերպչական խնդիրների վրա։

Լիլիթ Ֆլջյանն էլ ասաց, որ այսօր արվեստներից ամենաանտեսվածը մնում է կերպարվեստը։ «Նկարիչը, որպեսզի ստեղծագործի, արարի, ստիպված է կատարել տարբեր այլ աշխատանքներ, իսկ հետո էլ՝ տարբերակներ մշակել իր ստեղծագործությունն արվեստասերին ներկայացնելու համար։ Սկզբից մինչև վերջ ամեն խնդիր թողնված է արվեստագետի վրա»,- ասաց նա։

Սոս Հարությունյանի խոսքով՝ կերպարվեստի ոլորտը ևս շուկայական հարաբերությունների սկզբունքով գործարկելով՝ ճիշտ չեն հաշվարկել բազմաթիվ չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտային բարձր գնահատել իրական արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները, տաղանդավոր արվեստագետներին՝ ճանաչում ստանալ և գնահատվել։ «Երբ երթուղային տաքսով, ոտքի վրա, կռացած երթևեկում ես քո ուսանողի հետ, ու նա տեսնում է հնամաշ հագուստդ, և այն, որ իր նկարները կարող է ցուցադրել ցանկացած միջակ կամ անտաղանդ մեկը, ով սրահի համար կարող է վճարել, այլևս չես կարող նրա մեջ բարձր արվեստի՝ երբևէ գնահատվելու մասին համոզիչ բաներ ասել»,- նշեց նկարիչը՝ կարևոր համարելով, որ բուհերում դասախոսող արվեստագետները ժամանակ առ ժամանակ իրենց աշխատանքներով ներկայանան։ «Դա կարևոր է ոչ միայն արվեստագետի համար, այլև իր՝ ուսանողի, արվեստասեր հանրության, արվեստի մեջ լավ ու վատի վերարժևորման համար»,- ասաց նա։

(Նկարում՝ աջից ձախ՝ Արա Հակոբյանը, Լիլիթ Ֆլջյանը և Սոս Հարությունյանը):