Սպիվակովին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն՝ «Պատվավոր լեգեոնի» շքանշան
Աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգև՝ «Պատվավոր լեգեոնի» շքանշան։
Հայտնի ջութակահարն ու դիրիժորը պարգևն ընդունել է անձամբ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան դը Գլինիաստի ձեռքից։ Այս մասին տեղեկացնում է «Կուլտուրա» հեռուստաալիքը։
Սպիվակովին շքանշան շնորհելու հրամանագիրն այս տարվա փետրվարի 1-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Նախագահի հրամանագրում նշված է, որ այս հեղինակավոր պարգևը երաժշտին է շնորհվել Ֆրանսիային «հավատարիմ ծառայությունների համար»։
«Ֆեոդոր Միխայիլովիչ Դոստոևսկին մեզ ժառանգություն է թողել «Գեղեցիկը կփրկի աշխարհը» նշանավոր արտահայտությունը։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը պետք է փրկի հենց այդ գեղեցկությունը։ Եվ վերջապես, իմ արածն ամենօրյա համակերպություն է ու երկարատև աշխատանք»,- իր խոսքում ընդգծել է մաեստրոն։
Առաջին անգամ Սպիվակովի անունը Ֆրանսիայում հնչեց 1965թ., երբ նա դարձավ Մարգարիտա Լոնգի անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ Հենց Ֆրանսիայում 1989թ. դիրիժորը Կոլմար քաղաքում կազմակերպեց միջազգային փառատոն, որը գլխավորում է արդեն 23 տարի։
Ռուսաստանում Սպիվակովը «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ցմահ ղեկավարն է, գլխավորում է Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։
«Պատվավոր լեգեոնի» շքանշանը Ֆրանսիայի ազգային շքանշանն է, որն առաջին անգամ շնորհել է Նապոլեոն Բոնապարտը 1802թ.։ 1962-ից շքանշանն ունի հետևալ տեսքը՝ հնգաճաճանչավոր ոսկե կամ արծաթե աստղ՝ ծածկված սպիտակ էմալով։ Շքանշանը կրում են մետաքսե կարմիր գույնի ժապավենով։










