Օսկարակիր ռեժիսորը վավերագրական ֆիլմ կնկարահանի Ջուլիան Ասանժի մասին
Ամերիկացի ռեժիսոր Չառլզ Ֆերգյուսոնը, որն այս տարի «Օսկարի» արժանացավ «Ներքին գործ» (Inside Job) վավերագրական ֆիլմի համար, ամերիկյան HBO հեռուստաընկերության համար կենսագրական ֆիլմ կնկարահանի Ասանժի մասին։ Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժը համաշխարհային ճանաչում ստացավ շնորհիվ WikiLeaks ռեսուրսի, որտեղ նախ՝ հրապարակեց Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին վերաբերող գաղտնի փաստաթղթերը, ապա՝ աշխարհի տարբեր երկրներում իրենց դիվանագիտական աշխատանքները կատարող ամերիկացի քաղաքական գործիչների նամակագրությունը։
Ներկայում Ասանժը բնակվում է Լոնդոնում ու սպասում է դատարանի՝ իրեն արտահանձնելու որոշմանը։
Վերջինիս պատմությունը միանգամից հետաքրքրեց հոլիվուդյան պրոդյուսերներին։ Ավելի վաղ նշվում էր, որ Ասանժի մասին ֆիլմ է նկարահանելու Սթիվեն Սփիլբերգի DreamWorks ընկերությունը, որն անգամ գնել է Guardian-ի լրագրողներ Լյուկ Հարդինգի ու Դեյվիդ Լիի հեղինակած WikiLeaks գրքի իրավունքը։ Որոշ ժամանակ անց Ասանժի մասին ֆիլմ նկարահանելու մասին ցանկություն հայտնեց Universal ընկերությունը։
Ծրագրավորող Չառլզ Ֆերգյուսոնը ռեժիսորական կարիերայով սկսեց զբաղվել Իրաքում պատերազմ սկսվելուց հետո։ Նա «Վերջ ու սահման չկա» (No End in Sight) վերնագրով վավերագրական ֆիլմ նկարահանեց Իրաքում ամերիկյան բանակի գործողությունների մասին, որը 2007թ. մրցանակ ստացավ Սանդենսի կինոփառատոնում։
Առայժմ հայտնի չէ, թե երբ կավարտվեն ֆիլմի նկարահանման աշխատանքները։










