«Ոսկե գլոբուսների» հանձնման օրը հայտնի է
ԱՄՆ-ում «Օսկարից» հետո իր նշանակությամբ երկրորդ հեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Ոսկե գլոբուսի» հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում 2012թ. հունվարի 15-ին։ Այդ մասին հայտարարել է Հոլիվուդում հայտարարագրված արտասահմանցի լրագրողների ասոցիացիան, որը բաղկացած է աշխարհի 55 երկիր ներկայացնող 93 լրագրողից։
«Ոսկե գլոբուսը» մրցանակներ է հանձնում կինեմատոգրաֆում ու հեռուստատեսության ոլորտում նվաճումների համար։
Առայժմ հայտնի չէ, թե ով է վարելու ուղիղ եթերով հեռարձակվող 69-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությունը։ Ինչպես գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ հարցը բավական սկզբունքային է, քանի որ այս տարվա մարտին կինոմրցանակների հիմնադիրները դիմել են Լոս Անջելեսի դատարան՝ վերջնականապես լուծելու այն հարցը, թե ով իրավունք ունի հեռարձակել «Ոսկե գլոբուսը»։
Պատասխանող կողմը Dick Clark Productions-ն է, որին արտասահմանցի լրագրողները մեղադրում են մինչև 2018թ. շոուն հեռարձակելու իրավունքների խախտման մեջ։ Հայցադիմումի քննությունը նշանակված է սեպտեմբերի 6-ին։ Հաղթանակի դեպքում «Ոսկե գլոբուսի» հիմնադիրները մտադիր են հրաժարվել արարողության պրոդյուսերական աշխատանքերով զբաղվող Dick Clark Productions-ի ծառայություններից և վերանայել ամերիկյան NBC հեռուստաընկերության հետ համաձայնագիրը։ Նշենք, որ հեռարձակման իրավունքը պատկանում է NBC-ին։
Այս տարի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը կայացավ հուվարի 16-ին։ Ամենաշատ՝ թվով 4 մրցանակ շնորհվեց ռեժիսոր Դավիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմին։










