Սուրբ Աննա եկեղեցին կունենա 33 մ բարձրություն
Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կառուցվում է սուրբ Աննա եկեղեցի։ Եկեղեցու հիմնարկեքի արարողությունից առաջ «Չիլինգարյան Դիզայն» ՍՊԸ տնօրեն, եկեղեցու նախագծի հեղինակ Վահագն Մովսիսյանը հաղորդել է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարում: «Եկեղեցին նման է ավանդական հայկական եկեղեցիներին, փորձել ենք պահպանել Սուրբ Աստվածածնի ճարտարապետական ոճը, և այն պատվիրատուի կողմից հավանության է արժանացել»,- նշել է նա՝ հավելելով, որ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ եկեղեցին ունենալու է 33 մ բարձրություն:
Շինարարական աշխատանքների նախնական փուլում այստեղ հայտնաբերվել էին 16-17-րդ դարերի կավե երեք կարաս։ Դրանք գտնվել էին կոտրված վիճակում: Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրգության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը Panarmenian.net կայքին ասել է, դրանք հնագիտական մեծ արժեք չեն ներկայացնում, սակայն վկայում են, որ եկեղեցու մոտ կարող էր լինել մառան։ Ըստ հնագետի՝ դրանք եղել են 17-րդ դարի կցակառույցի տակ, և հետագա շինարարական աշխատանքների ժամանակ, երբ պետք է փորվի շուրջ 5 մ, պարզ կլինի, թե այդ հնագիտական շերտերը որքանով են կարևոր։
Հայտնաբերվել են նաև 17-րդ դարի մի խաչքար, պատնեշի բեկոր, բազիլիկի պատի մի դրվագ: Բազիլիկն, ըստ Գագիկ Սարգսյանի, պայթեցվել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ։
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանայի՝ Մարիամ Աստվածածնի մոր անունով եկեղեցին կոչելը բոլորովին էլ արտասովոր չէ, քանի որ Աստվածածնի մայրը սրբացված է, իսկ տարբեր երկեղեցիներ կոչվում են տարբեր սրբերի անուններով։ «Գիտեք, թե ում մոր, կնոջ անունին է համապատասխանում այդ անունը, բայց իրականում դա այդպես չէ: Կարող է համընկնումներ լինեն, բայց դա բացարձակապես որևէ բան չի ենթադրում»,- ասել է քահանան։










