Ֆրանսիացիները կորցրել են հետաքրքրությունը սեփական պատմության հանդեպ
19–րդ դարի վերջին Ֆրանսիայում Ժաննա դը Արկի պաշտամունք գոյություն ուներ, որն ավելի ուժեղացավ 1920 թ., երբ նա սրբերի շարքը դասվեց։ Ժաննա դը Արկն «իր փառքի գագաթնակետին հասավ» Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական զորքերից։ «Ժաննա դը Արկը կորցնում է իր հռչակը ֆրանսիացիների շրջանում» վերտառությամբ հոդվածում գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
1955թ. Ռուանում բացված Ժաննա դը Արկի թանգարանը փակվելու սպառնալիքի տակ է։ «Ֆրանսիացիները գնալով կորցնում են իրենց հետաքրքրությունը սեփական պատմության հանդեպ։ Ժաննա դը Արկը նրանց այժմ ավելի քիչ է հետաքրքրում»,– նշում է թանգարանի տնօրեն և սեփականատեր Ալեն Պրոն։
Պրոն թանգարանը ղեկավարում է1977թվականից։ Թանգարանը նա չի փակում, քանի որ չի կարողանում թանգարանի մոմե արձանների, փաստաթղթերի և այլ թանգարանային նմուշների համար գնորդ գտնել. դրանց ընդհանուր արժեքը 45 0551 եվրո է։
«Եթե գնորդ չգտնվի, ստիպված կլինեմ նմուշները աճուրդով վաճառել։ Դա աղետ կլինի, քանի որ դրանք (նմուշները) կհայտնվեն տասնյակ հավաքածուներում»,– նշում է Պրոն։
1980–ական թթ. Ժաննա դը Արկի թանգարան տարեկան 40 000 ֆրանսիացի էր այցելում, իսկ այժմ՝ 25 000–ից պակաս։
Թանգարանի տնօրենին հատկապես տխրեցնում է այն փաստը, որ այցելուների թվում աշակերտներ չկան, որոնց թիվը, սակայն, ժամանակին բավական մեծ է եղել։
Պրոյի քննադատներն ասում են, որ Ժաննա դը Արկի թանգարանը «ժամանակի հետ չի քայլում». այնտեղ նույն նմուշներ են՝ Ժաննա դը Արկի անունից գրված նամակները, մոմե արձանները և նրա մահապատժի ենթարկման տեսարանը՝ ստվարաթղթերից պատրաստված։ «Այսօր մարդկանց այդ նմուշներով չես խաբի»,–ասում են քննադատները։
Ֆրանսիացի Ժաննա դը Արկը 1429–1430 թթ. գլխավորել է անգլիացիների դեմ ֆրանսիացիների պայքարը։ 1430թ.նա գերեվարվում և անգլիացիների ձեռքն է հանձնվում։ Վերջիններս նրան մեղադրում են հերետիկոսության մեջ: Նրան սկզբում ցմահ բանտարկության են դատապարտում, այնուհետ` մահապատժի:1431թ. մայիսի 30-ին նրան կենդանի այրում են։










