Թուրքիայի բազմագույն մշակույթը էբրու արվեստի նման է. Երևանում կբացվի թուրք լուսանկարչի ցուցահանդեսը (լուսանկարներ)
Թուրքիայում այսօր առկա հասարակական իրավիճակը շատ նման է էբրու արվեստի` միասին գոյատևում են բազմաթիվ մշակույթներ, միմյանց մեջ ներհյուսվելով, իրար չոչնչացնելով։ Այս մասին այսօր ասաց թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը ՆՓԱԿ-ում հրավիրված ասուլիսին: «Իրականում շատ հուզված և երջանիկ եմ, որովհետև որպես արվեստագետ ինձ համար մեծ երջանկություն է, որ մարդկանց հոգուն է հասնում միմյանց հետ խաղաղ ապրելու իմ արվեստը»,- ասաց նա:
Աթթիլա Դուրաքն այստեղ ներկայացնում է ցուցահանդես, որ շրջել է աշխարհի 26 տարբեր քաղաքներում և 10 երկրներում, սակայն նրա խոսքով, իր համար ոչ մեկն այնքան կարևոր չէր, որքան Երևանում ներկայացվելը: «Այս ցուցահանդեսը մի միջոց է լինելու, որ իրար ճանաչենք»,- նշեց նա:
Լուսանկարիչը պատմեց, որ այս ծրագիրն ինքը սկսել է 2000 թվականից. «Ես ինքս իմ մեքենայով Անատոլիան շրջեցի և այն մարդկանց հետ, ում այս պատերին տեսնելու եք, իրենց հարսանիքների ժամանակ ուրախանալով, իրենց սեղանների շուրջ իրենց հետ հաց ուտելով, իրենց թաղման ժամանակ լաց լինելով, այս լուսանկարներն իրենց կյանքից վերցրի և բերեցի ձեզ»,- նշեց նա: Մինչ այս ցուցահանդեսի նախաձեռնությունը, ըստ նրա, Թուրքիայում տիրապետող էր մի մոտեցում. «Մեզ սովորեցրել էին, որ Թուրքիան թուրքերինն է. որպես լուսանկարիչ` ես դա հարցականի տակ դրեցի,- պատմեց նա:- Այս ցուցահանդեսն այն արդյունքն է, որ ես ստացա, և հարց ուղղեցի, թե ովքեր են այս թուրքերը, և վեց տարվա ճանապարհորդությունից հետո ես տեսա, որ մենք մի երկրի տերն ենք, ուր 36 տարբեր լեզուներով են խոսում»:
Նա նշեց, որ Անատոլիայի մշակույթը, Թուրքիայի բազմագույն իրականությունը բացատրելու համար կիրառվում էր մոզայիկի հետ համեմատությունը` գույնզգույն քարեր, որ չեն դիպչում իրար։ «Սակայն իրականում այդ ցեմենտով բաժանված բազմագույն քարերի համեմատությունը տեղին չէ Թուրքիայի դեպքում»,- ասաց նա: Ըստ արվեստագետի` առավել իրական է այդ բազմագույն մշակույթը համեմատել էբրու արվեստի տեսակի հետ, երբ «արվեստագետը մի ջրի աման ունի և այդ ջրի երեսին ներկեր է լցնում և ձևավորում: Այդ ներկերն ուղղակի իրար կպչում են և իրար մեջ են անցնում, ոչ մի գույն մյուս գույնը չի փչացնում կամ վերացնում, այլ` տարրալուծվում են: Հետո արվեստագետը թուղթը դնում է ջրի երեսին և այդ պատկերն անցնում է թղթին: Այդպիսին է Թուրքիան այսօր»,- ասաց նա:
ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը, տեղեկացնելով, որ թուրք լուսանկարչի պատկերած Անատոլիան հայ արվեստասերի համար ՆՓԱԿ-ում ներկայացված կլինի մայիսի 5-30-ը` նշեց. «Կարևոր է, որ նախ համայնքները բազմաշերտ են, տարբեր ժողովուրդներ են ապրում, և պետք չի, որ նրանց մեջ լինի թշնամություն. իրար ճանաչելով շատ խնդիրներ ինքընստինքյան կլուծվեն։ Եկեք սովորենք իրարից, շոշափենք իրար և շոշափելով` մոտենանք իրար»:
Հայ լրագրողները թուրք լուսանկարչին հարցրին հայերի նկատմամբ նրա անձնական վերաբերմունքի մասին. «Ես ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում էի, նրանց մեջ։ Սա է իմ քաղաքական դիրքորոշումը։ Ես գիտեմ 1915թ. դեպքերի մասին, բայց կարող եմ ասել, որ առավել կարևոր է, որ նոր խոսակցություն սկսվի, նորովի իրար ճանաչենք: Թուրքիայում ապրողները Հայաստանը չեն ճանաչում և այնտեղ շատ նախապաշարումներ կան»,- ասաց Աթթիլա Դուրաքը:
Նշելով, որ իրեն լիովին կարելի է համարել այն թուրքերից, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը` նա ասաց, որ ազգայնամոլական գաղափարախոսությունն առհասարակ օտար է իրեն:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը Թուրքիայում ենթարկվում է հալածանքների, նա ասաց. «Հեշտ բան չի, ինչպես աշխարհի մնացած վայրերում, Թուրքիայում ամեն օր կանգնած ես այն խնդրի առաջ, որ ինչ-որ մեկին պիտի ինչ-որ մի բան բացատրես, արդարանաս, ինչ-որ մարդիկ դեմ են, ոմանք էլ կողմ, կողմնակիցների հետ էլ առաջ ենք գնում»:














