Հոլիվուդը պատերազմի շեմին է. կինոստուդիաները զինվել են կինոթատրոնների դեմ
Հոլիվուդում կրքերը թեժանում են. կինոթատրոնների սեփականատերերը կռվի են ելել կինոստուդիաների դեմ, քանի որ վերջիններս ցանկանում են իրենց ֆիլմերը հեռուստատեսությամբ ցուցադրել։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
Ամերիկյան հայտնի Variety կինոամսագրում հրապարակված բաց նամակում կինոթատրոնների սեփականատերերին իրենց աջակցությունն են հայտնել 28 հայտնի ռեժիսորներ, այդ թվում՝ Ջեյմս Քեմերոնը, Մայքլ Մաննը,Գիլերմո դել Տորոն և այլք։
Թերթը ընդգծում է, որ չի բացառվում, որ հոլիվուդյան նոր պատերազմը «մեկնարկի» կինոթատրոնների՝ Warner Brothers և 20th Century Fox կինոստուդիաների ֆիլմերը ցուցադրել հրաժարվելուց։ Վերոնշյալ կինոստուդիաները մոտ ապագայում մտադիր են նոր ծառայություն ստեղծել, որի հաճախորդները հնարավորթույուն կունենան նոր ֆիլմերը հեռուստացույցով և համակարգչով դիտել դրանց մեծ էկրան բարձրանալուց ընդամենը մեկ ամիս անց (առաջին ցուցադրման և DVD տարբերակով թողարկման միջև անջրպետն այժմ 4 ամիս է)։
Երկու խոշոր կինոստուդիաների այս նորարությունը, բնականաբար, բացասաբար կազդի կինոթատրոնների հաճախորդների քանակի վրա։ Վերլուծաբանները կարծում են, որ դա կարող է հանգեցնել Ամերիկայում բազմաթիվ կինոթատրոնների սննկացմանը և փակմանը։
Անցած տարի նմանատիպ մի իրադրություն Մեծ Բրիտանիայում էր ստեղծվել։ Երեք խոշոր կինոթատրոններ այդ ժամանակ սպառնացին, որ չեն ցուցադրի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը, քանի որ նրանց հայտնի էր դարձել, որ Disney կինոստուդիան մտադիր է ֆիլմը DVD տարբերակով թողարկել նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ։
Cineworld և Vue–ն «Ալիսան» ցուցադրեցին, Odeon–ը, սակայն, կատարեց իր խոստումը։
ԱՄՆ–ում իրադրությունն ավելի լուրջ է. կինոթատրոններն արդեն զգալի կրճատել են Warner Brothers–ի և 20th Century Fox–ի նոր ֆիլմերի գովազդները։
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Google–ը պատրաստվում է պայմանագրեր կնքել Sony և Universal կինոստուդիաների հետ և նրանց ֆիլմերը YouTube–ով ցուցադրել։
Իսկ առաջին քայլն արդեն արված է. Կալիֆոռնիայի արբայնակային DirecTV հեռուստաալիքը Sony կինոստուդիայի նոր՝ «Իմ կինը ձևացիր» ֆիլմը( Ջենիֆեր Էնիսթոնի գլխավոր դերակատարությամբ) ցուցադրել է դրա շնորհանդեսից երկու ամիս անց։
Չնայած այն հանգամանքին, որ դա կինոթատրոնների հաճախորդների թվի վրա չէր ազդել, այդուհանդերձ, կինոթատրոնների սեփականատերերը վստահ են, որ ժամանակի ընթացքում իրենց եկամուտները զգալիորեն կնվազեն։










