World Monument Fund–ը կվերականգնի Անիի ավերակները

13:25 • 04.05.11

Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (World Monuments Fund) և Թուրքիայի Մշակույթի նախարարության միջև համաձայնություն է ձեռք բերվել Անիի ավերակների վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու առնչությամբ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, ասվում է World Monuments Fund–ի (WMF) հայտարարությունում։

Կործանման եզրին գտնվող պատմամշակութային արժեքների պահպանմամբ զբաղվող WMF–ի հայտարարությունում նշվում է, որ Անիի ավերակների վերականգնման և պահպանման նախագիծն իրականացվելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության և Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։

Նախագծի առաջին փուլում մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվելու Անիի Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին, որից հետո քննարկվելու են բոլոր հնարավոր մեթոդներն այդ պատմամշակութային արժեքների վերականգնման և պահպանման համար։

Նախատեսվում է ծրագիրն ավարտել առաջիկա երեք տարիների ընթացքում։ Ծախսերը հոգալու են WMF–ն ու Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։

Նախագիծը կմեկնարկի առաջիկայում։