Իսպանիայում հայտնաբերվել են 25 հազար տարվա պատմություն ունեցող նկարներ

17:27 • 05.05.11

Իսպանիայի քարայրներից մեկում հայտնաբերվել են նապախատմական պատկերներ, որոնք նկարվել են շուրջ 25 հազար տարի առաջ։ Այս մասին հաղորդել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները։

Կարմիր գույնի նկարները, որոնցում պատկերված են ձիեր ու մարդկային ձեռքեր, պատահաբար հայտնաբերվել են հնագետների մի խմբի կողմից, որոնք փնտրում էին մարդկային բնակության հետքեր։

Փորձագետների կարծիքով՝ այդ պատկերներն արվել են ուշ պալեոլիթի շրջանում, գրեթե նույն ժամանակ, ինչ 1879թ. Իսպանիայի Ալտամիրայի քարանձավում հայտնաբերված աշխարհահռչակ նկարները։

Homo sapiens-ի առաջին խմբերը Իսպանիայի հյուսիսում բնակություն են հաստատել մոտավորապես 35 հազար տարի առաջ ու ստեղծել ուշ պալեոլիթյան ժամանակաշրջանի մշակույթը։ Հենց այդ ժամանակ մարդիկ սկսեցին գործիքներ պատրաստել ու նկարել քարանձավների պատերին։