Ալ Պաչինոյին կշնորհվի Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակը
Հայտնի դերասան Ալ Պաչինոն կինեմատոգրաֆում ունեցած նշանակալի ավանդի համար Վենետիկի 68-րդ կինոփառատոնում կպարգևատրվի պատվավոր մրցանակով։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ալ Պաչինոյին պարգևը կհանձնվի 2011թ. սեպտեմբերի 4-ին՝ նրա ռեժիսորական աշխատանքի՝ Wilde Salome-ի պրեմիերայից առաջ։ Ֆիլմը յուրօրինակ հայացք է Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի նկատմամբ։
Ֆիլմը դերասանի ռեժիսորական երրորդ նախագիծն է։ 1996թ. նա նկարահանեց «Ռիչարդին փնտրելիս», 2000-ին՝ «Չինական սուրճ» ֆիլմերը։
Վենետիկի կինոփառատոնի պատվավոր մրցանակը շնորհվում է 2007-ից։ Այդ մրցանակին արժանացել են Տակեշի Կիտանոն, Սիլվեստեր Ստալոնեն ու Մանի Ռատնամը։
Այս տարի Վենետիկի կինոփառատոնը կսկսվի օգոստոսի 31-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։ Ժյուրին կգլխավորի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։










