Ժնևի Գրքի փառատոնին Հայաստանը պատշաճ ձևով չի ներկայացել, երկրի ղեկավարները չեն կարևորում գիրքը. գրողները դժգոհ են
Այս տարվա ապրիլի 29–ից մայիսի 3–ը Ժնևում անցկացված Գրքի և մամուլի 25–րդ փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացած Հայաստանը թեև մեծ և զանազան տաղավար է ունեցել, սակայն հայ գրողների ստեղծագործությունները անհասկանալի են եղել օտար ընթերցողին։ Պատճառն այն է, որ փառատոնին հիմնականում ներկայացվել է չթարգմանված գրականություն։ «Մարդիկ գալիս էին, փնտրում էին իրենց լեզվով գրականություն և չէին գտնում»,– այսօրվա ասուլիսին ասաց փառատոնին մասնակցած բանաստեղծ Կարեն Անտաշյանը։
«Մենք տաղավարի այցելուներին տալիս էինք հայերեն գրքեր, սակայն մեր հայերեն գրքերը այնքան էլ հետաքրքիր չէին լինի ֆրանսերեն գրքերի ցուցահանդեսում»,– պատմեց բանաստեղծը։ Այդ է եղել պատճառը, որ հայկական տաղավարի արտասահմանցի այցելուներին հետաքրքել են հայկական պատկերազարդ գրքերն ու ալբոմները, որոնք էլ հիմնականում գնել են։ Կարեն Անտաշյանը նշեց, որ Հայաստանում պետք է լուծվի թարգմանական գրականության հարցը։ Դա շատ կարևոր հարց է, քանի որ, ըստ բանաստեղծի, 2012 թ.–ին Երևանը գրքի մայրաքաղաք է կոչվելու, և պետք է արտասահմանցի հյուրերին ներկայանա թարգմանված գրքերով։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր պատշաճ կերպով ներկայանալու այդ ցուցահանդեսին, Անտաշյանը պատասխանեց, որ դա փորձի պակասի արդյունք է։ Շուկայական նոր համակարգը, որը ենթադրում է գրողի, գրավաճառի, գրահրատարակչի և ընթերցողի համագործակցություն, ըստ Անտաշյանի, նոր է սկսել ներդրվել Հայաստանում, և սովորելու բան դեռ շատ կա։
Փառատոնին մասնակցել է նաև արձակագիր Արամ Պաչյանը, ով նշեց, որ հայկական տաղավարում «բում չեղավ», քանի որ մասնակիցները թարգմանություն էին պահանջում։
«Իրենք թարգմանություն էին պահանջում, հասկանում էին, որ մենք լավ գրքեր ունենք, գրքի կազմը գեղեցիկ է, բայց պարունակությունը չէին հասկանում»,– ընդգծեց արձակագիր։ Սակայն նա միաժամանակ նշեց, որ կարևորը թարգմանելը չէ, պետք է հասկանալ, թե ինչ թարգմանել։
«Մշակույթի նախարարության մեղքն է, որը չի կոորդինացրել այդ աշխատանքները»,– արձագանքեց Գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը։ Նա նշեց, որ Գրողների միությունը տեղյակ չի եղել, որ Հայաստանը մասնակցելու է այդ փառատոնին. «Ես որ իմանայի, կօգնեի և թարգմանված գրքեր կտայի, որ տանեին իրենց հետ»։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ թարգմանական գրականությանը անհրաժեշտ գումարներ չեն ուղղվում, քանի որ հիմնական ֆինանսավորումը հայերեն գրքերի հրատարակությանն են հատկացվում։
«Սա որակական չափանիշ է՝ հայ արդի գրականությունը օտար լեզվով ներկայացնել, քո գրողներին, քո գանձը իրենց հասու լեզվով ներկայացել օտաերկրյա հրատարակիչներին»,– ասաց նա։ Հարցը, ըստ Մարտիրոսյանի չի լուծվի, քանի դեռ Գրական հիմնադրամ չի ստեղծվել Հայաստանում։ Այդ հիմնադրամը պետք է խախուսի, որպեսզի օտարերկրյա հրատարակիչները հրատարակեն հայ գրականության լավագույն գործերը, հետաքրքրված լինեն հայ գրականությամբ։
Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ հենց երկրի բարձրաստիճան ղեկավարությունն այսօր չի կարևորում գիրքն ու չի խրախուսում ընթերցանությունը։ Իսկ, օրինակ, Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունն էլ, ըստ նրա, ուղղված է «ուտուշ-խմուշին»։ «Գրքի կենացը որ խմեն, խայտառակ կլինեն աշխարհով մեկ»,– ընդգծեց նա։










