Կարիերաս բաժանվում է երկու մասի՝ Լյուկ Բեսոնից առաջ ու նրանից հետո. Երևանում է դերասան Ժակի Ներսիսյանը

16:30 • 06.05.11

Հայաստան է այցելել ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանը։ Այցելությունը կապված է հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմի՝ Երևանի «Մոսկվա» և Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում 3 բացառիկ ցուցադրությունների հետ։

«Ժակի Ներսիսյանը հայ Աբգարի դերն է մարմնավորել Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում։ Հետաքրքիր է նաև, որ թուրք Մուստաֆայի կերպարն է մարմնավորել «Մեծ ճանապարհորդություն» ֆիլմում»,- այսօրվա ասուլիսին ներկայացնելով հայազգի դերասանին՝ կատակեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Իր հերթին, դերասանն ավելացրեց, թե «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմում ինքն առաջին անգամ է մարմնավորում «բուն ֆրանսիացու», քանի որ մինչ այդ մարմնավորել է հայի, հրեայի, թուրքի։

Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց «Մոսկվա» կինոթատրոնին՝ իր դահլիճներն անվճար տրամադրելու, Լյուկ Բեսոնին՝ ֆիլմի պրեմիերայից ամիսներ առաջ այն Երևանում ցուցադրելու համար։

«Իմ դերասանական կարիերան բաժանվում է 2 մասի՝ Լյուկ Բեսոնից առաջ ու նրանից հետո»,- խոսելով ֆիլմի նկարահանման աշխատանքների, բեսոնյան աշխատելաոճի յուրահատկությունների մասին՝ ասաց դերասանը՝ պատմելով «այս անչափ հետաքրքիր, ֆանտաստիկ, մարդկանց ուրախություն ու զվարճություն պատճառող ֆիլմի» նկարահանման աշխատանքների մասին։ Դերասանը մի հետաքրքիր դրվագ պատմեց «անչափ գաղտնապահ ռեժիսորի»՝ Լյուկ Բեսոնի մասին, որը ֆիլմի նկարահանման վերջում խնդրել է իրեն փակել աչքերն ու պառկել, ապա բացել է շամպայնի շիշը, թափահարել է այն ու գոռացել «Կեցցե ազատ Հայաստանը»։

Ֆիլմը, որը ցուցադրվելու է Հայաստանում պատկերապատման փառատոնի շրջանակում, նկարահանվել է Ժակ Տարտիի համանուն պատկերապատման հիման վրա։


Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ժխտի Ցեղասպանության փաստը

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի չհաստատվելու փաստին՝ դերասան Ժակի Ներսիսյանն ասաց, թե իր համար բնավ էլ զարմանալի չի եղել դա։

«Ինձ համար միևնույն է՝ Ֆրանսիայի Սենատը, պատգամավորները կընդունե՞ն, թե՞ ոչ։ Ինձ համար միևնույն է՝ թե ով է ընդունում և ով՝ ոչ, բայց ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը ժխտի Ցեղասպանության փաստը»,- ասաց դերասանը։

«Պապս տատիս ասել է, որ գնա, հավատափոխվի ու փախչի, որովհետև ինքն այլևս հետ չի գալու»,- նշեց Ժակի Ներսիսյանը, որը 5 տարեկանում տատից է լսել իր փաստաբան պապի սպանության, հայկական կոտորածների մասին։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է գնալ Թուրքիա, տեսնել այն վայրերը, որտեղ ապրել են հայոց նախնիները։ «Եթե մենք նույն ատելությամբ վերաբերվենք նրանց, կդառնանք ատելության այնպիսի գործիքներ, ինչպիսիք նրանք են։ Շատ թուրքեր կան, որոնք մեր, օրինակ՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերի միջոցով են լսում Ցեղասպանության մասին»,- ասաց դերասանը։

Ասուլիսի վերջում հատվածներ ցուցադրվեցին «Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները» ֆիլմից։

Այսօր դերասանը վարպետության դասեր կանցկացնի Երևանի կիոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար։