Երևանում կայացավ Out Of My Mind երգի տեսահոլովակի շնորհանդեսը
«Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակում այսօր Երևանում տեղի ունեցավ Իէն Գիլանի (Deep Purple-ի վոկալիստ) և Թոնի Այոմիի (Black Sabbath-ի կիթառահար) WhoCares սուպերխմբի նոր ձայնասկավառակի համաշխարհային պրեմիերան: Ձայնասկավառակը հասանելի կլինի CD և վինիլային կրիչներով, ինչպես նաև այն հնարավոր է բեռնել աշխարհի առաջատար օնլայն խանութներից։
Ձայնասկավառակում ներառված է 2 երգ` Out of My Mind և Holy Water: Այսօր ցուցադրվեց նաև Out of My Mind-ի տեսահոլովակը։
Out of My Mind-ը ձայնագրվել է 2010թ. հոկտեմբերին Լոնդոնի Sorm Studios ձայնագրման ստուդիայում։ Ձայնագրությանը մասնակցել են նաև Նիկո Մակ-Բրեյնը (Iron Maiden), Ջոն Լորդը (Deep Purple), Ջեյսոն Նյուսթեդը (Metallica), Լինդե Լինդստրյոմը (HIM):
«Շատ ուրախ եմ, որ համագործակցությունը շարունակվում է, ավելին, ծրագիրը նոր շարունակություն է ստանում։ Մեզ համար էլ անսպասելիորեն ձևավորվեցին մտերիմ հարաբերություններ, նրանք սիրեցին մեր երկիրը, սրտով, հոգով կապվեցին մեր երկրի հետ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հետագայում ևս համաշխարհային սստղերի հետ համագործակցությունը նոր թափ է ստանալու։ Վարչապետը հայտնեց նաև, որ «Ռոքն ընդդեմ Ցեղասպանության» խորագրի ներքո միավորվելու են Հայաստան ժամանած բոլոր ռոք խմբերն ու 2015թ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հանդես են գալու համերգային մեծ ծրագրով։
Շնորհանդեսին մասնակցող «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ ընկերությունը 15 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացնում Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը:
«Who Cares» խմբի խտասկավառակին կցված է 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ` նվիրված Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին: Սկավառակը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն ստեղծագործական թիմի կողմից պատրաստվել են ամբողջովին անվճար:
Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:










