Ամերիկացի գրողը գրելու է «Կնքահայրը» վեպի նախապատմությունը

19:30 • 07.05.11

Ամերիկացի գրող Էդվարդ Ֆալկոն Grand Central հրատարակչության հետ պայմանագիր է ստորագրել գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» հայտնի վեպի նախապատմությունը` պրիկվելը, գրելու համար:

Ինչպես գրում է «Բի-Բի-Սի»-ն, գրքի հրատարակումը նախատեսվում է 2012թ. հունիսին: «Կոռլեոնե ընտանիքը» անվանումով վեպը լույս է տեսնելու Պյուզոյի ժառանգների համաձայնությամբ:

Ֆալկոյի գրքում իրադարձությունները զարգանալու են մինչ «Կնքահայրը» վեպի իրադարձությունների նկարագրությունը: Գրողը պատմելու է այն մասին, թե ինչպես է երիտասարդ Վիտո Կոռլեոնեն նվաճում քրեական աշխարհի բարձունքները:

Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» հրատարակվել է 1969թ.: Աշխարհում վաճառվել է գրքի ավելի քան 21 միլիոն օրինակ: Գրքի լույս ընծայումից հետո Պյուզոն գրել է իտակալան մաֆիայի մասին ևս մի քանի գիրք, այդ թվում` «Սիցիլացին», «Վերջին Դոնը», «Օմերտա» վեպերը:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի, Մառլոն Բրանդոյի, Ալ Պաչինոյի մասնակցությամբ նկարահանված «Կնքահայրը» ֆիլմը համարվում է կինոյի պատմության մեջ լավագույն գանգստերական ֆիլմը: