Չեխիայում ամերիկացի զինվորները կոտրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանը

11:15 • 09.05.11

Ամերիկացի զինվորները Չեխիայում կոտրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված քանդակը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։

Վանդալիզմի արարքը տեղի է ունեցել Չեխիայի հարավում՝ Չեսկի-Կրումլով քաղաքում, որից ոչ հեռու գտնվող ռազմաբազայում ուսումնական վարժանքներ էին անցկացնում ամերիկացի զինվորականները։ 2 զինվոր (հաղորդվում է՝ 23 տարեկան), ստանալով քաղաքում զբոսնելու թույլտվություն, ուղևորվում են Կրումլով։

Զինվորականների ուշադրությունը գրավում է միջնադարյան տան պատից դուրս ցցված մարդկային ձեռքի տեսքով քանդակը։ Ձեռքը պոկելով պատից՝ վերջիններս այն տանում են քաղաքի գլխավոր հրապարակ, որտեղ էլ նրանց միանում է 3-րդ խուլիգանը՝ մի ֆինն տուրիստ։ Հաղորդվում է, որ բոլորն էլ հարբած են եղել։

Հրապարակում ոստիկանությունը ձերբակալում է չարագործներին։ Նրանց մեղադրում են գողության ու վանդալիզմի մեջ։ Չեխական СТ24 հեռուստաընկերության տվյալով՝ քաղաքին խուլիգանները հասցրել են 15 հազար կրոն (շուրջ 900 ամերիկյան դոլար) վնաս։